Ռուսաստան

Բելառուսի սպառազինությունը շուտով կհամալրվի «Օրեշնիկ» համալիրով. Լուկաշենկո

2 րոպեի ընթերցում

Բելառուսի սպառազինությունը շուտով կհամալրվի «Օրեշնիկ» համալիրով. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական հիպերձայնային «Օրեշնիկ» համալիրը շուտով կհամալրի բելառուսական բանակի սպառազինությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մեզ տրվել է մարտավարական միջուկային զենք: Շուտով բելառուսական բանակի սպառազինության համակարգում կստացվեն «Օրեշնիկ» նորագույն հիպերձայնային զենքի համալիրներ», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը՝ ելույթ ունենալով ՌԴ Դաշնային խորհրդում:

Լուկաշենկոյի խոսքով՝ այդ հրթիռի արձակման կայանքը կարտադրեն Բելառուսում։ 

«(Խմբ.՝ Մինսկն ակնկալում է ստանալ) մի քանի հրթիռ, իսկ արձակման կայանքները կպատրաստենք մենք», - ասել է Լուկաշենկոն։ 

Նա նշել է, որ բելառուսական կողմը նախատեսում է կայանքների պատրաստումն ավարտել մինչև տարեվերջ։

Բելառուսի նախագահի խոսքով՝ այնուհետև ռուսական կողմի հետ միասին պետք է որոշել տեղակայման վայրը։ 

«Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք միասին պաշտպանել մեր ընդհանուր հայրենիքը, - ընդգծել է Լուկաշենկոն: - Մեր զինանոցը ներառում է Բելառուսի և Ռուսաստանի ուժերի տարածաշրջանային խմբավորումը և ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգը»:

Բելառուսի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Մարտի 13-ին նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հայտարարել էր, որ Լուկաշենկոն մարտի 14-ին հագեցած աշխատանքային օր կունենա Մոսկվայում, այդ թվում՝ ելույթ կունենա Դաշնային խորհրդում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում