Զելենսկին Պուտինի խոսքերը հրադադարի մասին անվանել է «հերթական մանիպուլյացիա»
3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «շատ կանխատեսելի» և «մանիպուլյատիվ» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները 30-օրյա հրադադարի առաջարկի մասին, որն արվել էր Ջիդդայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում մարտի 13-ի ուշ երեկոյան։
«Բոլորս Ռուսաստանից լսեցինք շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր՝ ի պատասխան ճակատում հրադադարի գաղափարին. նա, ըստ էության, պատրաստվում է մերժել այն։ Պուտինը, իհարկե, վախենում է ուղիղ ասել Թրամփին, որ ինքը ցանկանում է շարունակել պատերազմը, ցանկանում է շարունակել սպանել ուկրաինացիներին։ Այդ պատճառով Մոսկվայում հրադադարի գաղափարը շրջապատում են այնպիսի նախապայմաններով, որ ընդհանրապես ոչինչ չստացվի, կամ որքան հնարավոր է երկար ոչինչ չստացվի», - հայտարարել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Պուտինը հաճախ է դա անում. նա ուղղակիորեն «ոչ» չի ասում, այլ գործում է այնպես, որ «գործնականում պարզապես ձգձգում է ամեն ինչ և անհնար է դարձնում նորմալ որոշումները»։ Զելենսկիի կարծիքով՝ այս ամենը «հերթական ռուսական մանիպուլյացիա» է։
Մարտի 13-ին ավելի վաղ ՌԴ նախագահը Բելառուսի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի «երկարաժամկետ խաղաղության»։
«Մենք նույնպես կողմ ենք հրադադարին, բայց նրբություններ կան։ Ի՞նչ ենք անելու Կուրսկի մարզում (Ուկրաինայի զինված ուժերի) մտած տարածքի հետ։ Եթե 30 օրով դադարեցնենք ռազմական գործողությունները, դա ի՞նչ է նշանակում՝ այնտեղ գտնվող բոլորը (ուկրաինացի զինվորները) կհեռանան առանց կռվի՞։ Պետք է բա՞ց թողնենք նրանց այնտեղից այն բանից հետո, երբ նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ։ Թե՞ Ուկրաինայի ղեկավարությունը նրանց հրաման կտա վայր դնել զենքերը և պարզապես հանձնվել գերի։ Ինչպե՞ս կլինի: Պարզ չէ», - ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ բացի երկարաժամկետ խաղաղության հանգեցնելուց, հրադադարը նաև պետք է վերացնի ճգնաժամի առաջնային պատճառները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարճ է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ դա անվանելով «խոստումնալից, բայց ոչ ամբողջական»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստ է հանդիպել և խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և հույս է հայտնել, որ Ռուսաստանը «ճիշտ կվարվի»։