Սպորտ

Աշոցքում կգործի ձմեռային մարզաձևերի ակադեմիա

2 րոպեի ընթերցում

Աշոցքում կգործի ձմեռային մարզաձևերի ակադեմիա

Հայաստանի Աշոցք բնակավայրում կգործի ձմեռային մարզաձևերի ակադեմիա, որը կնպաստի ձմեռային մարզաձևերի առավել մասսայականացմանն ու պրոֆեսիոնալ մարզիչների կայացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ներկայացրել է նախաձեռնության մանրամասները: 

«Ֆեդերացիայի երկար տարիների աշխատանքն ու փորձը բերեց այս ակադեմիայի ստեղծմանը: Մի քանի հանգամանք կար:  Դրանցից մեկը որակյալ կադրերի պատրաստումն էր, որի «դպրոցը» մենք չունեինք, ժամանակակից սպորտում առկա պահանջները բավարարող ուսում չունեինք»,-առանձնացրեց Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ ակադեմիայի ստեղծման համար հիմք է ընդունվել նորվեգական ձմեռային դպրոցի փորձը, քանի որ տարիներ առաջ Նորվեգիան իր հիմնական մարզաձևում` դահուկասպորտում, լճացման էր հասել:  Սկանդինավյան այդ երկրում սկսել են մարզաձևին նոր ավյուն տալ հենց ակադեմիաների նոր ձևաչափի միջոցով:

«Մենք ուսումնասիրել ենք նաև ամբողջ աշխարհի փորձը, որ վերաբերում է դահուկային ձևերին: Հենց այդ ուսումնասիրությունը մեզ համար լիուլի բավարար էր մեր մտածելակերպին  մոտ ծրագիր ստեղծելու համար:  Մեր ակադեմիայի ամբողջ մշտադիտարկումը իրականացվելու է նորվեգացի մասնագետների կողմից»,-ասաց  նա: 

Ֆեդերացիան նպատակ ունի ակադեմիայի ծրագրերը արտոնագրել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային համապատասխան կառույցներում: Ֆեդերացիան ծրագրի շրջանակներում կրթություն ստացող մարզիչների համար կհամագործակցի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում