Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել ռուսական ակտիվների բռնագրավման բանաձևին
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը մարտի 12-ի երեկոյան հավանություն է տվել Ուկրաինային օգնությունն ավելացնելու շուրջ բանաձևին, որն, ի թիվս այլ բաների, կոչ է անում բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 288 պատգամավոր, դեմ՝ 54-ը, հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն Պիվեն։
Ընդ որում, փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ ռուսական ակտիվները հնարավոր չէ բռնագրավել, քանի որ դա կհակասի միջազգային իրավունքին։ Այնուհետև նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը ուսումնասիրել նման որոշման հնարավոր հետևանքները։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ծավալած ռազմական գործողություններից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Դրանից ավելի քան 200 միլիարդը գտնվում է Եվրամիությունում, հիմնականում՝ բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն քլիրինգային-հաշվարկային համակարգերից մեկի հաշիվների վրա:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը որակել են «գողություն»՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև պետական ակտիվները: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Մոսկվան կպատասխանի ակտիվների բռնագրավմանը։