Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով իր հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։

«Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: 

Մենք բեղմնավոր քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ անդրադառնալով մեր ձեռք բերած նշանակալի առաջընթացին և նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները»,-նշել է Միրզոյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկերոջ հետ քննարկման վերաբերյալ նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ողջունելով հայկական պատվիրակությանը Դելիում։

Հնդկաստանի ԱԳ նախարարը մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են առևտրի, ներդրումների, կրթության, կապի և մշակույթի զարգացման վերաբերյալ հարցեր: 

«Մտքեր ենք փոխանակել նաև գլոբալ և տարածաշրջանային վերջին զարգացումների հեռանկարների շուրջ»,-նշել է Սուբրամանյամ Ջայշանկարը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ին պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան։ 

Նյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA):

Այնուհետև կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ 

Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնող մի շարք փաստաթղթեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում