«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

5 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023-2024 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին,  տնօրեններին և փոխտնօրեններին: 

Հանդիպմանը ընթացքում ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս ընթացքում սովորողների ցուցաբերած կրթական արդյունքները, ծրագրի իրականացման ընթացակարգը ու հետագա անելիքները:

Կարևորելով «ԱԲ սերունդ» ծրագրի փորձարկումը՝  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ծրագրի հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է։

«Այս ծրագիրը ոչ միայն մեր սովորողների համար որոշակի ուղղությամբ ավելի խորը և որակյալ կրթություն ստանալու, այլև դպրոցներում կրթության կազմակերպման մոդելի փոփոխության հնարավորություն է, ինչը բխում է հանրակրթության պետական չափորոշչից»,- ասել է նախարարի տեղակալը։

Նա ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում չկա այլընտրանք. պետք է փորձել առնվազն ավագ դասարաններում կրթությունը դարձնել հնարավորինս ավելի ճկուն ու բովանդակային՝ ուղղված սովորողի կարիքներին ու հետաքրքրություններին: 

Արաքսիա Սվաջյանը «ԱԲ սերունդ» ծրագիրը կարևորել է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից՝ այդ հարցում ընդգծելով նաև դպրոցների դերը:  

Գրանցած հաջողությունների մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանն արձանագրել է, որ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի հայաստանյան փորձը հետաքրքրություն է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանում։ 

«Մենք կարևորում ենք ծրագրի ընդլայնման հնարավորությունը․ եթե այն որոշակի թվով դպրոցներում հաջողություն է գրանցում, ապա ծրագիրը պետք է հասանելի լինի ավելի մեծ թվով երեխաների: Ունենք սահմանված թիրախ՝ մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Ծրագրում ընդգրկելու նպատակով դպրոցների ընտրության չափանիշներ ենք սահմանել. ըստ այդմ՝ նպատակահարմար է հաշվի առնել դպրոցների աշխարհագրությունը, բնակավայրերի մեծությունը, աշակերտների թիվը և այլն, սակայն ամենակարևոր չափանիշը դպրոցների ցանկությունն ու պատրաստվածությունն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը նշել է, որ «ԱԲ սերունդ» ծրագիրը շատ կարևոր է ռազմավարական առումով:

«Մեր հավակնոտ նպատակն այն է, որ Հայաստանը նորարարության երկիր դառնա»,- ասել է նա՝ կարևորելով դպրոցների ու այլ կառույցների մասնակցայնությունն ու համագործակցությունը:

«ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում, դրանում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչև 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել, ընդհանուր առմամբ, 45 դպրոց:

Ծրագրի ազդեցության վերաբերյալ խոսելիս նշվել է, որ առաջին տարվա արդյունքներով՝ մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչև միջին և բարձր շեմ։ Ծրագրում ընդգրկված 10-րդ դասարանի հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջինը 2.2 անգամ բարձր է այլ աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։ 

Ծրագրի շահառու դպրոցների ղեկավար կազմի գնահատմամբ՝ աշակերտները սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ծրագրին, որը թեև բարդ է, բայց նաև հաճելի է և հետաքրքրական: Նրանց խոսքով՝ ծրագրի առկայությունը դպրոցներում տեսանելիորեն նպաստել է կրթական գործընթացի կազմակերպման նոր մշակույթի ձևավորմանը և այն համապատասխանում է աշակերտների մեծամասնության մասնագիտական և անձնական ձգտումներին։ 

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում