Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. վարչապետ Փաշինյան

11 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը, զարգացումը, անվտանգությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությանը (IRIB) տված հարցազրույցում։

- Ասում են՝ Ձեր իշխանությունն արևմտամետ է: Արդյոք այս քաղաքականությունը չի հակասում... Այդ մտահոգությունը գոյություն ունի, որ այս ընթացքը՝ արևմտամետությունը, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա:

- Մեր կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա։

Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե Արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ:

Բայց մյուս կողմից՝ մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն Արևմուտքին, այլև ինտեգրված լինել Արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, Արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։

Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար:

- Այս հարցն առաջացավ իմ մեջ. եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում:

– Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Այսինքն՝ մեր բնականոն և բնական շահերը հենց այն գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար, Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է։

Ասացի, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ գան Հայաստանի Հանրապետություն։ Ես ամենապարզ օրինակն եմ բերում, որպեսզի լսարանին էլ հասկանալի լինի իմ ասածը, ավելի բարդ բովանդակությունների մեջ չեմ մտնում։ Մենք ուզում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ավելի շատ զբոսաշրջիկներ գան։ Ե՞րբ դա տեղի կունենա, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում լինի լավ բնական տնտեսական զարգացում, կայունություն և անվտանգություն։ Ես այս մի օրինակը բերեցի, որն իմ ասածի ընդամենը շատ փոքր հատվածն է, չնայած շատ կարևոր հատված, ես այս օրինակը բերեցի՝ ցույց տալու համար, թե ինչպիսի՞ն է մեր ընկալումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ։

Բայց մյուս կողմից, ես ուզում եմ ասել նաև, որ մենք փոխադարձաբար պետք է նաև հնարավորությունները տեսնենք։ Դուք խոսեցիք չօգտագործված հնարավորությունների մասին, բայց նաև պետք է ընդգծել՝ որո՞նք են այդ չօգտագործված հնարավորությունները։ Մասնավորապես, Հյուսիս-հարավ առևտրատնտեսական ուղղությամբ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցելու շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, և մենք աշխատում ենք հիմա դրա վրա։ Մյուս կողմից կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դեպի արևմուտք և դեպի հյուսիս Իրանի Իսլամական Հանրապետության համար գուցե ամենակարճ, ամենավստահելի ճանապարհն է, և մենք այս թեմաների շուրջ էլ քննարկումներ ենք ունենում Իրան Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ: Սրանք հարցեր են, որոնք էլի կարող են արտահայտվել, եթե երկու երկրների և կառավարությունների միջև լինի վստահություն։ Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենաբարձր մակարդակով մեր շփումներում արձանագրում ենք, որ երկու երկրների կառավարությունների, երկու երկրների միջև կա վստահություն։ Վստահություն չի նշանակում, որ մենք բացարձակապես ամեն ինչին նայում ենք նույն կերպ, ամեն ինչի շուրջ ունենք նույն մեկնաբանությունը։ Ոչ, վստահություն նշանակում է, որ մենք փոխադարձաբար մեր և տարածաշրջանային հարաբերությունների մասով ծանոթ ենք միմյանց մտքերի ընթացքին, և այդ մտքերի ընթացքի նկատմամբ ունենք որոշակի ըմբռնում։

- Վերջերս ռազմավարական համագործակցության համաձայնագիր եք ստորագրել Միացյալ Նահանգների հետ: Նկատի ունենալով այն դառը փորձը, որ նման երկրների հետ ունեցել ենք, որքանո՞վ եք հույս հայտնում, որն այն կկիրառվի:

– Ինչպես արդեն ասացի, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության ներքո մենք զարգացնում ենք մեր բոլոր գործընկերների հետ հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ էլ մեր հարաբերությունները նորություն չեն, և այո, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, ընդ որում՝ բոլորովին վերջերս է ստորագրվել այդ փաստաթուղթը, և մենք պիտի այդ փաստաթուղթը որպես օրակարգ վերցնենք և փորձենք իրագործել։

Ընդ որում՝ շատ կարևոր է արձանագրել, որ դա հրապարակային փաստաթուղթ է, և ես կարևորում եմ դա, որպեսզի մեր հարևանների, գործընկերների, մեր տարածաշրջանի համար մեր մտադրությունները լինեն թափանցիկ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կիրագործվի, կյանքի կկոչվի և այդ համագործակցության համատեքստում մեր տարածաշրջանի համար ոչ թե սպառնալիքներ կձևավորվեն կամ կավելանան, այլ ընդհակառակը՝ հնարավորությունները, որոնք միշտ էլ գոյություն ունեն, ավելի կընդգծվեն։ Սա, իհարկե, հեշտ չէ, բայց ինչպես ասացի, երբեք էլ հեշտ չի եղել և երբեք էլ հեշտ չի լինելու, պետք է պարզապես գտնել ուղիներ, ճանապարհներ, կամք այդ հնարավորությունները ստեղծելու և օգտագործելու ուղղությամբ։

- Դժվարությունը, խնդիրը Հայաստանը չէ, այլ ԱՄՆ-ն է, որը չի կատարում իր հանձնառությունները:

- Մեր բոլոր հարաբերություններում փորձում ենք հաշվի առնել նաև մեր տարածաշրջանային շահերը և մենք շարունակելու ենք այս գործելակերպով առաջնորդվել։

- Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի իշխանության գալուց հետո:

– Դե գիտեք, Միացյալ Նահանգներում ընդամենը մի ամիս առաջ է նոր վարչակազմ ձևավորվել, և նոր վարչակազմի ձևավորման ու նոր վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար: Այդ ադապտացման փուլն անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից