ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր՝ շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկելով կատարված և ընթացիկ աշխատանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ»–ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արզնիի ձորի 6.7կմ ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։
Եղվարդ-Արագյուղ-Հարթավան մոտ 12.5կմ ճանապարհին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։
Քարաձորի, Ղուրսալ-Նոր Խաչակապ ճանապարհներին, Պուշկինյան լեռնանցքում (13.3կմ) ընթացքի մեջ է արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցումը։
Մեծավան տանող 8.5կմ երկարությամբ ճանապարհին նույնպես աշխատանքները թևակոխել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլ։
Շինհրապարակներում շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։
Քննարկվել են նաև նախագծային լուծումներին, շինարարական նյութերին առնչվող խնդիրներ։