Տեսանյութ

Բուհ-մասնավոր հատված համագործակցություն․ Երեմյան ընկերությունը ԵՊՀ-ում բացեց հատուկ լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում Երեմյան ընկերությունների խմբի աջակցությամբ բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա, որն իր ձևաչափով, հագեցվածությամբ և արտ-թերապևտիկ ուղղվածությամբ առաջինն է Հայաստանի բուհական համակարգում։

Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով՝ ընկերությունը մշտապես կարևորում է կրթական կառույցների հետ համագործակցությունը։

«Մենք մեր գործունեության ընթացքում առիթ բաց չենք թողել լինել կրթական կառույցների կողքին և հիմնել կրթական համալիր։ Եթե բիզնեսը և կրթությունը սինխրոն կարողանում են աշխատել, ընթացքում անպայման լավ գաղափարներ են ծնվում և ստեղծվում են իրական արժեքներ մեր երկրի համար, և այս լաբորատորիան վառ օրինակներից է»,- ասաց Դավիթ Երեմյանը։

Լաբորատորիայի նպատակն է ապահովել սոցիալական մանկավարժության ոլորտում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրումը։ Այն հնարավորություն կտա ուսանողներին լսարաններում ստացած գիտելիքները կիրառել գործնական միջավայրում և ձեռք բերել մասնագիտական անհրաժեշտ կարողություններ։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է լաբորատորիայի ստեղծումը՝ ընդգծելով մանկավարժության և մանկավարժական գիտելիքների դերը։

«Այս լաբորատորիան առանձնանում է իր կարևորությամբ, որովհետև խոսքը գնում է մանկավարժության մասին, և մեր կառավարության կողմից հռչակված առաջնահերթությունների մեջ է մանկավարժությունը, մանկավարժական գիտելիքները։ Այստեղ մենք ուսուցանելու ենք նոր գիտելիքներ՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան»,- նշեց Հովհաննիսյանը։

Լաբորատորիայի վարիչ, դոցենտ Լյուդմիլա Հայրապետյանի խոսքով՝ այն ապահովելու է ուսուցման գործընթացում տեսության և պրակտիկայի կապը։

«Մեր կենտրոնի բակալավրիատի սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրի ուսանողները լսարաններում ստանալով տեսական գիտելիքներ՝ կարող են կիրառել այս գիտելիքները լաբորատորիայում և ձեռք բերել կարողություններ ու հմտություններ»,- նշեց նա։

Լաբորատորիայում գործելու են  նաև արտ-թերապևտիկ գոտիներ, որտեղ սոցիալական մանկավարժները կկարողանան մոդելավորել շտկողական աշխատանքի ընթացքը՝ գործնականում ցուցադրելով, թե ինչպես համապատասխան թերապևտիկ տեխնոլոգիաների միջոցով կարելի է աջակցել զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում