Իրան

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը. Կատարի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը. Կատարի ԱԳՆ

Կատարը շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը և հանդիպումներ անցկացնելով՝ ընդհանուր եզրեր գտնելու ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մուհամմադ ալ-Անսարին։

«Կատարի միջնորդական ջանքերը շարունակվում են, և մենք չենք տեսնում խաղաղ լուծումից բացի այլ լուծում։ Հանդիպումները շարունակվում են, և մենք աշխատում ենք ամերիկյան և իրանական կողմերի միջև ուղերձներ փոխանցելու ուղղությամբ», - ասել է նա՝ անդրադառնալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին։

«Ցանկացած համաձայնագիր ունի իր խոչընդոտները: Մեր դերն է հաղթահարել դժվարությունները և փորձել մոտեցնել կողմերի դիրքորոշումները, և հենց դա էլ տեղի է ունենում հիմա», - հավելել է նա:

Խոսնակը նաև նշել է, որ այժմ ջանքերը կենտրոնացած են ամերիկյան և իրանական կողմերի միջև ընդհանուր հիմքերի ստեղծման վրա։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև զինված հակամարտության երկարաձգումը և տարածաշրջանում անկայունությունը սպառնում են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության համար, հատկապես ձմռան մոտենալուն զուգընթաց։

«Տարածաշրջանի ենթակառուցվածքային կառույցները պետք է հարգվեն, և դրանց նկատմամբ ցանկացած սպառնալիք միջազգային իրավունքի խախտում է», - շեշտել է ալ-Անսարին։

Ալ-Անսարին նշել է, որ Ծոցի երկրները չեն ընտրել պատերազմի մասնակից դառնալու ուղին, և Իրանը պետք է դադարեցնի ագրեսիան տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Ըստ նրա՝ Կատարը «չի հրաժարվում խաղաղության ձգտումից»՝ չնայած նրան, որ ինքը նույնպես թիրախ է դարձել։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Իրանի անվտանգությունը չերաշխավորվի, ապա տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք պաշտպանված չի լինի հարձակումից։ Նա հավելել էր, որ եթե Իրանը չկարողանա ազատորեն վաճառել իր նավթը, ապա Ծոցի ոչ մի երկիր չի կարողանա վաճառել իր նավթը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում