Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին

Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին՝ երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:  

Դեսպանը նշեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության մասին: Նա հիշեցրեց, որ առաքելության մանդատը ևս 2 տարով երկարաձգվել է: 

Դեսպանը նաև հիշեցրեց՝ անցյալ ամռանը ԵՄ-ն որոշել է աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի միջոցով: «Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանն անվտանգության երկխոսություններում»,-ասաց Մարագոսը:  

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ դեսպանն ասաց. «Մենք փորձում ենք գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով կապակցվածության, հումանիտար խնդիրները, խաղաղության համաձայնագրի հետ կապված քննարկումները: ԵՄ-ն նաև աջակցում է տեսլականին՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային կապերը համապատասխան երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: Մեր տեսլականում է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը»,-ասաց Մարագոսը: 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի կողքին է կանգնել ամենասկզբում, երբ հայերը ԼՂ-ից  բռնի տեղահանվեցին: 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մոտ 100 մլն եվրո է տրամադրել ոչ միայն առաջնային կարիքները հոգալու, այլ նաև տեղահանված անձանց  իրավունքները պաշտպանելու համար: 

Նա խոսեց օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին: «Մենք գնահատում ենք, որ Հայաստանը շարունակում է իր հանձնառությունը, թեպետ տարածաշրջանում շատ բարդ պայմաններ են»,-ասաց Մարագոսը:

Դեսպանը նաև նշեց վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում տարվող աշխատանքի մասին: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը կարող է դառնալ կատալիզատոր առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, կանաչ և թվային անցումների շրջանակում հետագա համագործակցության համար»,-ասաց Մարագոսը:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում