Կրթահամալիրները կարող են վերածվել համայնքային զարգացման կենտրոնների․ Արաքսիա Սվաջյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի  (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։

Ողջունելով ներկաներին` Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ՀՀ կառավարության՝ ապակենտրոնացման բարեփոխումներին աջակցության համար:

«Տարբեր համայնքներում ուսումնական հաստատությունների դերի ուժեղացմանը և համայնքի կողմից ուսումնական հաստատության ռեսուրսի օգտագործմանը միտված ծրագրերն ու փորձը կարևոր են՝ ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում ինստիտուցիոնալ մակարդակով համայնքներին ակտիվորեն ընդգրկելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների մասնակցային քննարկումները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր զեկույցում ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ մասնավորապես շեշտելով ապակենտրոնացման և համայնքների հզորացման գործընթացի հետ առնչությունները: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը։

«Չափորոշիչն ունի բավական մեծ հնարավորություններ․ այն դպրոցին տալիս է սեփական համայնքի կարիքները, երեխաների հետաքրքրություններն ու առանձնահատկությունները գնահատելու և դրան համապատասխան ուսումնական պլան մշակելու ինքնավարություն։ Խրախուսվում են նաև արտադասարանական խմբակները, որոնք երեխաներին թույլ կտան լրացուցիչ կրթություն ստանալ իրենց հետաքրքրող ուղղություններով: Մեզ համար կարևոր է, որ դպրոցները կարողանան լիովին իրացնել իրենց տրված հնարավորությունը, որի ճկունությունը, ցավոք, դրանք դեռևս  չունեն։ Կարծում եմ՝ այս փուլը պետք է միասին հաղթահարենք՝ աջակցելով դպրոցներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Խոսելով դպրոցների կառավարման համակարգի փոփոխության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ  այս գործընթացը ենթադրում է կարողությունների զարգացում, ինչպես նաև տեղերում առանձնահատուկ կառավարման մոդելների կիրառում: Այս նպատակով առանձնացվել են դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարման բաղադրիչները: Թեև կառավարման այս համակարգն արդեն գործում է բազմաթիվ դպրոցներում, սակայն, այստեղ դեռևս անելիքներ կան կարողությունների զարգացման և գործառույթների հստակ պատկերացման տեսանկյունից:

Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և բարեկարգելու ծրագրին, որով նախատեսվում է նաև կրթահամալիրների հիմնում հիմնականում այնպիսի բնակավայրերում, որոնցում սովորողների թիվը համեմատաբար փոքր է։ Նախարարի տեղակալն ընդգծել է՝ կրթահամալիրները կարող են դիտարկվել նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ:

«Կառավարության վերոնշյալ ծրագրի շրջանակում հիմվող 73 կրթահամալիրներում նախատեսվում է իրականացնել համայնքային կենտրոնների գաղափարը։ Ցանկանում ենք, որ կրթահամալիրներն իրապես դառնան համայնքային կենտրոններ, միջավայր, որտեղ առկա ժամանակակից ենթակառուցվածքներն ակտիվորեն կօգտագործվեն՝ ի նպաստ համայնքային կյանքի ակտիվացման և զարգացման: Այդ կրթահամալիրների մեծ մասի շինարարությունն արդեն մեկնարկել է: Դրանցում իրականացվելու են նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական կրթական ծրագրեր, մեծահասակների կրթություն, ինչպես նաև մատուցվելու են մշակութային, սպորտային և այլ ծառայություններ: Հուսով եմ՝ կարողանալու ենք ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք իրապես կապահովեն նոր կառուցված կրթահամալիրների ակտիվությունը և իրենց գործունեությամբ  կբավարարեն համայնքի և բնակավայրի մի շարք կարիքները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ այս համատեքստում կարևորելով ինչպես կրթահամալիրների համակարգողների, տնօրենների, այնպես էլ համայնքների ղեկավարների կարողությունների զարգացումը:

Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչ Գայանե Մամիկոնյանը:

Ֆորումը նպատակ ունի խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը համայնքների միջև, աջակցել կառավարություն-համայնք երկխոսությանը՝ նպաստելով տեղական ինքնակառավարման և համայնքային զարգացումը։

«ԴեաԼոԳ» ծրագրի կողմից կազմակերպվող ամենամյա ֆորումին ավելի քան 80 ներկայացուցիչներ են մասնակցել Հայաստանի բոլոր համայնքներից։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց համայնքների հաջողված փորձերը և քննարկելու կրթության ապակենտրոնացման հարցում առկա խոչընդոտներն ու լուծումներ: Ֆորումի ավարտին ամփոփվել են քննարկման արդյունքները և առաջարկությունները:

Համայնքային ֆորումի ընթացքում Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիայի` «Սալար»-ի փորձագետներ Դանիել Բեռռը և Ստեֆան Մալենը ներկայացրել են կրթության ապակենտրոնացման շվեդական փորձը։ 

Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպությունը՝ SALAR International-ը, «DeaLoG» ծրագրի միջոցով աջակցում է Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին: Ծրագիրը կենտրոնացած է քաղաքական երկխոսության խթանման, բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական, վարչական ու ֆինանսական անկախության ամրապնդման վրա։

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ