Ֆինլանդիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ․ Ալեքսանդր Ստուբ
1 րոպեի ընթերցում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարներն՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքները։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։