ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ Սոնա Ղազարյան
2 րոպեի ընթերցում
![ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ Սոնա Ղազարյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/12/7AenUTruvo4kyfxOKkYc7sjAbmRYoDgrORmVDjlm.webp)
Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում որևէ պետության հետ համագործակցությունից հրաժարում։
«Մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք։ Մենք շարունակում ենք տարածաշրջանային գործունեությունը և շարունակում ենք կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, կարգավորում ենք և նոր օրակարգ ենք ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում։ Եվ այս նախագիծը մեզ որևէ տեղ չի տանում կամ որևէ մեկից չի պոկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը։
Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։