ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին
2 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/999YBXuVLVKtrGiRaCUyPbAdxQUnkDXTLecJnPWF.webp)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:
Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ:
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի հետագա խորացման հեռանկարները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ: