Քաղաքականություն

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

3 րոպեի ընթերցում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ 

Մակրոնը նաև կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։ 

Հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով։ 

«Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ 

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում