Ֆրանսիան արգելափակել է Փարիզում Ռուսական տան հաշիվները
2 րոպեի ընթերցում
![Ֆրանսիան արգելափակել է Փարիզում Ռուսական տան հաշիվները](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/yH6u3jv1ITm5Qg9A2Ka1rwpxnIWe9r2MdXaszPgR.webp)
Ֆրանսիան փորձեր է անում ամբողջությամբ արգելափակել Փարիզում Ռուսական տան աշխատանքը, դրա հաշիվները սառեցվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին:
«Այժմ փորձեր են արվում ամբողջովին սառեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով հաշիվները: Մենք դժվարին բանակցություններ ենք վարում ֆրանսիացիների հետ այդ հարցի շուրջ, մանավանդ, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմքով՝ երկկողմ համաձայնագրի հիման վրա, իսկ Ռուսաստանում գործում է Ֆրանսիական մշակութային կենտրոնը: Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է», - ասել է Մեշկովը:
Ավելի վաղ ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու մասին։ Դրա հետ մեկտեղ երկրի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ Ադրբեջանը նաև ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ին` հանրապետությունում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն ավելի ուշ հայտարարել էր, որ Բաքվում Ռուսական տունը չի կարելի համեմատել USAID-ի հետ, քանի որ Ռուսական տունը «երբեք ոչ մի քաղաքական հարցով չի զբաղվել», այլ միայն հումանիտար համագործակցությամբ։