Եվրոպա

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

2 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

Հունաստանի խորհրդարանականները չեն կարողացել պետության նախագահ ընտրել լիագումար նիստում կայացած քվեարկության երրորդ փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, որը հետևել է հեռարձակման ընթացքին։

Հունվարի 25-ին և 31-ին կայացած քվեարկության առաջին և երկրորդ փուլերը նույնպես արդյունք չեն տվել: Այդ փուլերում հաղթելու համար պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուն պետք է 300 անդամից բաղկացած միապալատ խորհրդարանում ստանար 200 ձայն։ Նախագահի պաշտոնի չորս թեկնածուներից ոչ մեկին դա չի հաջողվել:

Հունաստանի գործող նախագահ Կատերինա Սակելարոպուլուի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է մարտի 13-ին։ Մինչ այդ պետք է ընտրվի Հունաստանի նոր նախագահ։ Պետության ղեկավարին ընտրում են խորհրդարանի անդամները՝ բաց քվեարկությամբ։ Հունաստանում նախագահի պաշտոնը մեծ մասամբ արարողակարգային է։

Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու, սակայն Սահմանադրությամբ նախատեսված քվեարկության հինգ փուլերի ընթացքում հաղթելու իրական շանսեր ունի միայն մեկը՝ խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասը, որի թեկնածությունն առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ 

Առաջին և երկրորդ փուլերում պետության ղեկավարի ընտրության համար պահանջվում է 200 ձայն, երրորդում՝ 180, չորրորդում՝ 151, իսկ հինգերորդում՝ բոլոր ներկա պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը։ 

Քվեարկության չորրորդ փուլը, ինչպես հայտարարվել է նիստում, կկայանա փետրվարի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում