ՀՀ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը պարզեցնելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործող օրենսդրությամբ եթե քաղաքացին նոտարի միջոցով վավերացնում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման, փոփոխման կամ ծագման գործարքը, ապա այդ գործարքից առաջացած իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելու հարցը որոշվում է գործարքի կողմերի ցանկությամբ։ Այսինքն, եթե քաղաքացին ցանկանա, ապա նոտարը կարող է իր անունից դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե, սակայն եթե չցանկանա, ապա պետք է ինքնուրույն դիմի Կոմիտե՝ գործարքը գրանցելու համար։
Այս համակարգը որոշ խնդիրներ է առաջացրել, մասնավորապես՝ գործարքների գրանցման ձգձգում, երբ քաղաքացիները չեն դիմում Կադաստրի կոմիտե՝ իրենց իրավունքները գրանցելու համար, լրացուցիչ ժամանակատար և բյուրոկրատական գործընթաց, երբ գործարքի կողմը ստիպված է առանձին դիմում ներկայացնել և լրացուցիչ քայլեր ձեռնարկել, լրացուցիչ վճարների առկայություն, երբ քաղաքացիները որոշ դեպքերում չեն դիմում նոտարին այս ծառայության համար, քանի որ այն հավելյալ վճարովի է։
Այս խնդիրները լուծելու նպատակով առաջարկվող փոփոխություններով նոտարը պարտավոր կլինի գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու առանձին պահանջի։
Նոտարներն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումը Կադաստրի կոմիտե կներկայացնեն պարտադիր կերպով՝ անկախ գործարքի կողմի ցանկությունից։
Ժառանգության իրավունքի վկայագրերի դեպքում նախորդ կարգավորումը կմնա ուժի մեջ, այսինքն՝ նոտարը Կադաստրի կոմիտե կդիմի միայն քաղաքացու պահանջի դեպքում։
Գործընթացն ավելի դյուրին կդառնա, քանի որ քաղաքացիներին այլևս անհրաժեշտ չի լինի նոտարական վավերացումից հետո առանձին դիմել Կադաստրի կոմիտե։
Նոտարները չեն գանձի հավելյալ 3000 դրամ վճար գործարքի պետական գրանցումը կազմակերպելու համար, քանի որ համապատասխան ենթաօրենսդրական ակտով նախատեսվում է վերացնել այս սակագինը։
Ակնկալվում է, որ կկրճատվի գործարքների գրանցման գործընթացի ժամանակը, գործարքի վավերացումից հետո գրանցումը կկատարվի ավտոմատ կերպով, առանց հավելյալ միջամտության, կբարձրանա անշարժ գույքի գործարքների իրավական պաշտպանվածությունը, քանի որ գործարքից ծագող իրավունքներն անհապաղ կգրանցվեն, կխուսափենք իրավական բարդություններից, որոնք կարող են առաջանալ, երբ քաղաքացին չի գրանցում իր իրավունքը և հետագայում բախվում է սեփականության խնդիրների, բյուրոկրատիան կնվազի, քանի որ գործընթացն ամբողջությամբ կկազմակերպվի մեկ տեղում՝ նոտարի կողմից։