ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ինստիտուցիոնալ մեխանիզմ է և կախված չէ ԱՄՆ-ում իշխող քաղաքական թիմից. հարցազրույց ԱԳ փոխնախարարի հետ

19 րոպեի ընթերցում

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը կախված չէ Վաշինգտոնում իշխող քաղաքական թիմից կամ ուղղակիորեն ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական տարաբնույթ գործոններից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթն ունի ինչպես կարևոր քաղաքական, այնպես էլ գործնական նշանակություն, իսկ երկկողմ ռազմավարական երկխոսության ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել հենց ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ ադմինիստրացիայի ժամանակ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևան-Վաշինգտոն հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը թույլ կտա ներկա ադմինիստրացիայի հետ գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք և շատ ավելի առաջընթաց դիրքերից։

Հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի շուրջ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը, Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման շուրջ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացին։ 

-Պարոն Հովհաննիսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը՝ մասնավորապես տարածաշրջանային համատեքստում։ 

-Տարին սկսվեց շատ ինտենսիվ գործընթացներով՝ կապված ոչ միայն Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի՝ պարտականությունները ստանձնելու գործընթացների հետ, բայց նաև մի շարք այլ զարգացումներով։ Երևի նկատելի էր, որ արտաքին գործերի նախարարությունը նույնպես, տարվա առաջին օրերից սկսած, ներգրավված էր մի շարք միջոցառումներում Հայաստանի ներգրավվածության ապահովմանը։ Տարին աչքի ընկավ հայ-ամերիկյան և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմամբ. թե՛ արտգործնախարարի այցն էր Վաշինգտոն, թե՛ Երևանում մի շարք Եվրամիության պատվիրակությունների հետ քննարկումներն էին։ Երկկողմ հարթակներով նույնպես տարին սկսեց շատ ակտիվ․ առաջին անգամ ունեցանք Նորդիկ-Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակների այցը, որն աննախադեպ ֆորմատ էր, դրան նախորդել էր 2024 թվականի վերջին  այդ երկրների արտգործնախարարների հետ ԱԳ նախարարի  հանդիպումը Մալթայում։ Ղրղզստանի արտգործնախարարի այցը տեղի ունեցավ, որը երկար տարիներ չէինք ունեցել, մի շարք միջազգային կազմակերպություններում նույնպես ակտիվություն էր նկատվում։ Տարին և աշխարհաքաղաքական իրավիճակը, թերևս, կարելի է նկարագրել որպես մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, նոր հնարավորություններ առաջ քաշող։ Ինչքանո՞վ մեզ կհաջողվի այդ նոր հնարավորությունները օգտագործել, ժամանակը ցույց կտա, բայց ջանք չենք խնայում այդ առումով՝ ապահովելով Հայաստանի շահերը և փորձելով լինել ակտիվ բոլոր ուղղություններով։ 

-2024 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ․ խոսքն այս պարագայում վերաբերում է, օրինակ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու ակտիվացմանը և այդ ուղղությամբ կողմերի գործադրած ջանքերին։ Պարոն փոխնախարար, ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Բրյուսելի միջև երկխոսության ներկա մակարդակը, ի՞նչ գործընթացներ են սպասվում առաջիկայում` տնտեսական ոլորտ, ՀՀ-ում ԵՄ դիտորդներ, որոնց առաքելության ժամկետը Բրյուսելի կողմից օրեր առաջ երկարաձգվեց ևս 2 տարով։ 

-Նման ինտենսիվ ժամանակաշրջան, թերևս, Եվրամիության հետ չէինք ունեցել։ Այն սկսվեց Եվրոպական պառլամենտում 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետի ելույթով, որտեղ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ այնքանով, ինչքանով Եվրամիությունը պատրաստ է դա անել։ Դրան հետևեցին Եվրամիության կողմից սատարող հայտարարություններ և սկսվեցին գործընթացներ, որոնց նպատակն էր բարձրացնել Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Հիմնական ուղղությունը գործընկերության նոր օրակարգի ստեղծումն է, և այդ բանակցությունները կավարտվեն գալիք շաբաթների ընթացքում, բայց դրա հետ զուգահեռ տեղի ունեցան նաև այլ կարևոր զարգացումներ։ Նշեցիք անվտանգության ոլորտը․ Եվրամիությունը մեզ համար երբևիցե չի եղել այդպիսի կարևոր դերակատար։ Այժմ մեր սահմաններին Եվրամիության դիտորդների ներկայացմամբ, նոր ձևաչափերով, ինչպիսիք են քաղաքական և անվտանգային երկխոսությունը, որը նոր մեխանիզմն է և այլ նախաձեռնություններով Եվրամիությունը մեզ համար դառնում է շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Նշենք նաև Եվրոպական խաղաղության գործիքը, որից մենք արդեն օգտվում ենք, և որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր 2024 թվականի հուլիսին՝ մեկ այլ շատ կարևոր որոշման հետ մեկտեղ, որն արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի որոշումն էր։ Երկար տարիներ փորձում էինք դա ապահովել, և գիտեք, թե մի խումբ գործընկերներ ինչքան զուսպ են վերաբերվում միգրացիոն ոլորտի հետ կապված հարցերին, սակայն մեզ հաջողվեց ապահովել այդ որոշման ընդունումը, և արդեն դեկտեմբերին մեկնարկեցին բովանդակային բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ Այդ նույն տարվա ընթացքում միացանք Եվրոջասթ, Եվրոպոլ կառույցներին, որոնք արդարության, հանցանքների դեմ պայքարի կարևոր գործիքներ են։ Դրա հետ մեկտեղ Եվրոպական պառլամենտի հետ շարունակվում է շատ սերտ համագործակցությունը և, իհարկե, այս տարի կստորագրենք գործընկերության նոր օրակարգը, սպասում ենք բարձրաստիճան այցեր թե՛ Բրյուսել, թե՛ Երևան։ Իհարկե, այդ առումով այս դինամիկան կպահպանվի և կզարգանա։ Եվրամիությունը շարունակում է մնալ մեր կարևորագույն դոնորը, կարևորագույն աջակիցը՝ ժողովրդավարության գործընթացների հետ կապված։ Եվրամիության մի շարք անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ արագ տեմպերով։ 

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ևս 2 տարով երկարաձգելը շատ կարևոր որոշում էր․ դիտորդական առաքելությունը մեծ դեր է խաղում մեր անվտանգության ապահովման գործընթացում, մեր սահմանների այդ մոնիթորինգը ոչ միայն նպաստել է միջադեպերի նվազեցմանն, այլև իրազեկության մակարդակը Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում զգալի աճել է։ Այժմ երրորդ՝ անկողմնակալ դիտորդի աչքերով է իրավիճակը դիտվում։ Դա նաև մեծ դեր է խաղում մեր սահմանամերձ շրջաններում բնակչության ինքնավստահության մակարդակի բարձրացման առումով։ Այդ առաքելությունն օգնում է նաև ենթակառուցվածքային գործունեության առումով մեր մի շարք պրոյեկտներին․ այսպես, օրինակ, չվերթը դեպի Կապանի օդանավակայան նույնպես վերահսկվում է դիտորդների կողմից։  

Շատ ենք կարևորում (խմբ․ նկատի է առնվում ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը), և արտգործնախարարի մակարդակով անմիջապես արձագանքեցինք ու պատրաստ ենք սերտ համագործակցել դիտորդների հետ։

-Պարոն Հովհաննիսյան, Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների ընդլայնումից զատ, հատկանշական է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ զարգացումը․ ընթացիկ տարվա հունվար ամսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում և ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Երևանն այդ փաստաթղթից, որքանո՞վ է իրատեսական դրա իմպլեմենտացիան՝ հաշվի առնելով ԱՄՆ վարչակազմի փոփոխությունը։

-Իսկապես, Եվրամիության հետ զուգահեռ, տարին շատ ինտենսիվ էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները 2019 թվականին արդեն իսկ բարձրացրել էին հարաբերությունների մակարդակը և աշխատում էին ռազմավարական երկխոսության ֆորմատի շրջանակներում։ Եվ անցած տարի հունիսին այդ երկխոսության շրջանակներում որոշում ընդունվեց բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի և ստեղծել ռազմավարական գործընկերության հանձնաժողով։ Դրան նախորդել էին համապատասխան աշխատանքային խմբերի հանդիպումներ, թերևս, 2023 թվականին, և ամբողջ ամառվա ընթացքում ունեցանք տարբեր պատվիրակությունների աննախադեպ այցելություններ՝ սկսած ապակենտրոնացված համագործակցությունից, կոնգրեսական մի քանի այցելություններ էին տեղի ունեցել և այլն։ Իսկապես, դրա կուլմինացիան, դրա վերջնակետը եղավ Վաշինգտոնում այդ փաստաթղթի՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, որը ֆորմալիզացնում է հարաբերությունների մակարդակի բարձրացումը։ Փաստաթղթում նշված են այդ հիմնական 4 ուղղությունները, որոնցով պետք է խորացվի համագործակցությունը, գործընկերությունը․ դա տնտեսական համագործակցությունն է՝ այնտեղ նոր հնարավորություններ են բացվում թե՛ առևտրի դիվերսիֆիկացիայի առումով, թե՛ Հայաստանի դիմադրողականությանն աջակցելու առումով։ Անվտանգության և պաշտպանության ոլորտն է կարևոր․ անցած տարի և նախանցած տարի ունեցանք համատեղ զորավարժություններ։ Ստորագրման ժամանակ նշվեց նաև Միացյալ Նահանգների աջակցությունը, օժանդակությունը սահմանների վերահսկման մեր կարողություններին, և մի շարք այլ ուղղություններով աջակցությունն էլ ավելի կավելացվի Միացյալ Նահանգների կողմից։ Երրորդ ուղղությունը ժողովրդավարության, արդարադատության ոլորտներն են։ Միացյալ Նահանգները միշտ եղել է մեր կարևոր գործընկերներից մեկն այդ առումով, և աջակցությունը Հայաստանին երկար տարիների գործընթաց է։ Վերջին ուղղությունը՝ մարդկանց միջև շփումներն են՝ հումանիտար, կրթական, մշակութային և այլ ծրագրերի մասին է խոսքը, որոնք նույնպես կարևոր են 2 երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների կոնտեքստում։  

Փաստաթուղթն ունի թե՛ կարևոր քաղաքական, թե՛ պրակտիկ նշանակություն։ Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչու՞ գնացող ադմինիստրացիայի հետ․ գիտե՞ք, ռազմավարական այդ երկխոսությունը, ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ, և այս գործընթացները կապ չունեն Վաշինգտոնում քաղաքական թիմի, այս կամ այն թիմի ներկայության հետ․ սրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են, որոնք ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից։ Հակառակը, հարաբերությունների՝ այս մակարդակի բարձրացումը թույլ կտա նոր ադմինիստրացիայի հետ մեր գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք, շատ ավելի առաջընթաց դիրքերից։ Հայտնի է, որ վերջին՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում Վաշինգտոնում ստեղծվել էր անցումային թիմ, և, իհարկե, բոլոր արտաքին և կարևոր այլ հարցերի շուրջ թե՛ գնացող ադմինիստրացիան, թե՛ նոր ադմինիստրացիան կոորդինացում ունեին, և բնական է, որ նման փաստաթղթերի ստորագրումը կոորդինացվել է նաև նոր ադմինիստրացիայի հետ։ 

Այնտեղ նաև ընդունվեցին մի շարք այլ որոշումներ․ դա էներգետիկայի բնագավառում բանակցությունների մեկնարկն է, որի շուրջ բանակցություններն, իհարկե, արդեն տեղի կունենան նոր ադմինիստրացիայի հետ, և, բնականաբար, դրանք համաձայնեցվել են։ 

Հայաստանը նաև միացավ «Իսլամական պետության» դեմ ալյանս կառույցին, որը միշտ եղել է ահաբեկչության դեմ մեր համատեղ պայքարի կարևոր ուղղություններից մեկը, և վստահ ենք՝ նոր ադմինիստրացիայի հետ նույնպես այդ համագործակցությունը կզարգանա։ Այնպես որ, այս քայլն ուղղված էր նոր ադմինիստրացիայի հետ շատ ավելի ամուր հիմքերի վրա մեր համագործակցությունը շարունակելուն․ նաև վարչապետի այց կա Վաշինգտոն, և կարծում եմ, որ այդ բոլոր ջանքերի շնորհիվ կշարունակենք անցած տարվա այդ աննախադեպ դինամիկան։

-Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա մակարդակը․ օրեր առաջ, ԱԺ-ում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Դուք, խոսելով Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններից, նշեցիք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները կրել են կառուցողական բնույթ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա այդ այցը հայ-ռուսական հարաբերությունների վրա, կարո՞ղ ենք այս առումով դրական տեղաշարժեր արձանագրել։  

-Այստեղ ավելացնելու շատ բան, կարծես, չունեմ։ Իսկապես, հանդիպումը շատ կարևոր էր և նախապատրաստվում էր երկար ժամանակ։ Զարմանալի չէ, որ Ռուսաստանի հետ ունենք շատ լայն օրակարգ, ընդգրկուն օրակարգ, և այս հանդիպումը ցույց տվեց 2 կողմերի ցանկությունն՝ աշխատանքային և պրակտիկ մոտեցում ունենալ բոլոր հարցերի շուրջ։ Վարչապետը հայտարարել էր, որ մեր ցանկությունը չէ սրել կամ վատթարացնել հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ, հակառակը՝ մեր ջանքերը միտված են բալանսավորված և Հայաստանի շահերն ապահովող արտաքին քաղաքականության իրականացմանը, և, իհարկե, այդ այցը հենց դրա վկայությունն էր։  

-Պարոն Հովհաննիսյան, ինչպես ռուսական պաշտոնական շրջանակներում, այնպես էլ հայկական փորձագիտական դաշտում նշվում է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, չի կարող միաժամանակ անդամակցել նաև ԵՄ-ին․ այս պայմաններում ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում երկու կառույցների հետ շփումներն ու գործընկերությունը, արդյոք Երևանը պե՞տք է ընտրություն կատարի այդ երկու կառույցների միջև։

-Միշտ իմ պրակտիկայում բազմաթիվ առիթներով լսել եմ այդ անհնար բառը տարբեր իրավիճակներում։ Առաջին անգամ դա ՍԵՊԱ-ի (խմբ․ խոսքը 2017 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթղթի մասին է) շուրջ իրավիճակն էր, երբ թվում էր, որ, անդամակցելով Եվրասիական միությանը, որևէ պայմանագրի հեռանկար հնարավոր չէ ունենալ Եվրամիության հետ, սակայն կարողացանք ունենալ այդ ասոցացման պայմանագրի թեթևացված տարբերակը։ Իրականում տուժեց ազատ առևտրի մասը, բայց ոլորտային համագործակցության բոլոր գլուխներից հաջողվեց պահպանել դրույթներ 75 %-ը, որոնք համապատասխանում են եվրոպական դիրեկտիվներին, ստանդարտներին և այլն, իսկ քաղաքական, մարդու իրավունքների գլուխները գրեթե ամբողջությամբ պահպանվեցին, և ՍԵՊԱ-ն ստորագրվեց, ուժի մեջ մտավ 2021 թվականին և իրականացվում է։ Նույն մոտեցումը կար Եվրոպական խաղաղության գործիքի շուրջ, թե ինչպե՞ս կարող է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամն օգտվել այդ հիմնադրամից, սակայն այդ որոշումը տեղի ունեցավ անցած տարվա հուլիսին, և մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու առումով այժմ կարևոր գործիքներից է։ Նույնը այստեղ․ երբեմն գործընթացներին պետք է ունենալ ավելի ստեղծագործ մոտեցում։ Ինչպես քիչ առաջ նշեցինք, այստեղ մեր մոտեցումը Եվրամիության հետ մեր համագործակցությունն աստիճանաբար զարգացնելն է՝ օգտվելով բոլոր ծրագրերից, հնարավոր ոլորտներից։ Հատկապես այս իրականության մեջ, երբ հնարավոր չէ երկարաժամկետ ծրագրեր ունենալ, պետք է շարժվենք բոլոր հնարավորություններից հնարավորինս օգտվելու նարատիվով։ Երբ կունենանք խնդրահարույց իրավիճակներ, դրանց կանդրադառնանք այդ փուլում։ Այժմ մեր մոտեցումը փուլային է այս առումով, և Եվրամիության հետ մեր մերձեցումն ունի հենց այդ նարատիվը։ Դա բարդ գործընթաց է, ունի համապատասխան փուլեր, և այս ժամանակաշրջանում այդ համատեղելիի, անհամատեղելիի հարցը դեռևս մեր օրակարգում չէ։

-Տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Չնայած առկա բարդություններին, հավանական պայմանագրի համաձայնեցված և չհամաձայնեցված հոդվածներին ու Բաքվի կողմից հաճախ հնչող սպառնալիքներին՝ Երևանը մշտապես հաստատակամություն է հայտնում այդ բանակցությունները վերջնական խաղաղության պայմանագրի հասցնելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք և կգնահատեք Երևան-Բաքու բանակցությունների ներկա ընթացքը և արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել 2025 թվականին։

-Բնական է, հնարավոր ենք գտնում և դրանով է պայմանավորվում, որ շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը վերջերս անդրադարձել են այդ գործընթացներին։ Այստեղ կարող եմ միայն հաստատել, որ թե՛ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու, ինչին իսկապես շատ մոտ ենք, թե՛ դելիմիտացիայի պրոցեսն առաջ տանելու, որտեղ ունենք դրական դինամիկա, թե՛ կոմունիկացիաների բացման հարցում մեր մոտեցումները կոնստրուկտիվ են, նպատակ ունեն իսկապես հասնելու կայուն խաղաղության։ Փորձում ենք նաև չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից։ Սա կլինի նաև այս տարվա մեր կարգախոսը։ Ջանքեր չենք խնայի այդ առումով, աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու այդ գործընթացին և, իհարկե, պետք է հավատանք, որ կհասնենք արդյունքի։ 

-Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։

 

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան

Հայերեն Русский