Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը
2 րոպեի ընթերցում

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ից փակվել են երկրի ամբողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է ձայների հաշվարկը։
Ժամը 17։00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 224 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 %-ը։ ԿԸՀ-ն երեք ժամը մեկ պարբերականությամբ տրամադրում է մասնակցության ցուցանիշները. տեղամասերի փակման պահի դրությամբ տվյալները կհրապարակվեն ժամը 21:00-ին:
Քվեարկության ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ (300 և ավելի ընտրող ունեցող տեղամասեր)։ 1996 տեղամասերից 612-ը հասանելի են եղել հենաշարժական խնդիր ունեցող ընտրողների համար։
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էին 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ օտարերկրյա ԶԼՄ 180 ներկայացուցիչներ։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էր 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։ Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկել են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։