Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի համար Եվրամիության շուկան բացվելու է առանց մաքսատուրքի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո պատասխանելով հայ և օտարերկրյա լրագրողների հարցերին։
«Եվրամիությունն արդեն արտահանման նոր ուղղություն է։ Ամենակարևոր և հաճելի լուրն այն է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում, բացի այն, որ իրենք այժմ հրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերեն, որպեսզի մենք որոշակի սուբսիդավորենք գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական խնդիրները, փոխանցեց նաև մեկ այլ շատ կարևոր տեղեկություն, որ Հայաստանի Հանրապետության գյուղապրանքներն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ մաքսային ռեժիմով կարտահանվեն Եվրոպական միություն»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության անդամ բոլոր երկրները Հայաստանի համար դառնում են արտահանման նոր ուղղություններ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ և պատրաստ է աջակցել ռուսական տնտեսական ճնշումների պայմաններում։ Նա տեղեկացրել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 միլիոն եվրոյի աջակցություն, ինչպես նաև կքննարկի առևտրային լրացուցիչ միջոցներ՝ հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու նպատակով։
Հունիսի 6-ին Հայաստանից Լատվիա է արտահանվել տարբեր տեսակի շուրջ 5500 վարդերի առաջին խմբաքանակը։ Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել էր, որ սա Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևոր քայլ է, իսկ հետագայում հայկական ծաղիկների արտահանում է նախատեսվում նաև Նիդեռլանդներ, որտեղ գտնվում են ծաղիկների խոշոր միջազգային աճուրդային հարթակները։