Քաղաքականություն

Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղին. Փաշինյան

Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանը կշարունակի անկախության, պետականության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղին՝ շարունակելով նաև եվրոպական չափանիշներին համապատասխանեցման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո հայ և օտարերկրյա լրագրողների հարցերին պատասխանելիս։

«Հայաստանի ապագան լինելու է անկախության, պետականության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման ռազմավարությունը, և մենք շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը՝ իհարկե մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, որովհետև Եվրոպական միությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում մեր հիմնական գործընկերն է»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում արդեն ընդունվել է օրենք, որով մեկնարկել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը, և իշխանությունները նպատակ ունեն երկիրը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին։

«Երբ Հայաստանը լիովին և անկեղծորեն համապատասխան լինի Եվրոպական միության չափանիշներին, հնարավոր է երկու սցենար։ Առաջինը՝ Եվրոպական միությունը կընդունի Հայաստանին որպես լիիրավ անդամ։ Երկրորդը՝ չի ընդունի, որովհետև դա կախված է բազմաթիվ քաղաքական հանգամանքներից, օրինակ՝ Եվրամիությունը կարող է որոշել ընդհանրապես չընդլայնվել»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երկու դեպքում էլ Հայաստանը շահելու է, քանի որ նույնիսկ անդամակցության բացակայության դեպքում կունենա եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն։

Անդրադառնալով Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների հավասարակշռման հարցին՝ վարչապետը նշել է, որ դա արտաքին քաղաքականության խնդիր է։

«Դա արտաքին քաղաքականության հարց է։ Եվ դուք գիտեք, որ մենք վարում ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և շարունակելու ենք հավատարիմ մնալ այդ մոտեցմանը»,- ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում