Հայաստանը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը. Արմեն Գրիգորյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը կշարունակի ինտենսիվ առաջ մղել խաղաղության օրակարգը և հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի համաժողովը նաև ապաշրջափակման համար նոր հնարավորություններ են ստեղծել։
«Հարավային ուղղությունը ևս անհրաժեշտություն է դարձել ապաշրջափակման կոնտեքստում։ Հուսով ենք, որ հնարավորինս շուտ նաև այս ուղղությամբ առաջընթաց կունենանք։ Վերջերս Հայաստանում Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի հանդիպման նպատակը նաև այն էր, որպեսզի սահմանազատման գործընթացը հնարավորինս արագացվի»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով որ օգոստոսի 8-ից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխհարաբերությունների օրակարգը ինտենսիվ քննարկվում է։
«Մենք պարբերաբար քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր տնտեսական համագործակցությունը և հուսով եմ, որ հնարավորինս շուտ հնարավորություն կունենանք առաջ գնալու այս ուղղությամբ։ Քննարկվում է տարբեր ոլորտներում և՛ Հայաստանից արտահանումը դեպի Ադրբեջան, և՛ Ադրբեջանից արտահանումը դեպի Հայաստան հնարավորինս ընդլայնելու»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս պահին այդ ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն կա։