Բուհերի ու քոլեջների ուսումնական գործընթացներում գործատուներին ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտութուն կա

4 րոպեի ընթերցում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից 2024 թվականին ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցել հանրապետության 22 քոլեջ ու 3 բուհ։ Հավատարմագրում տալու համար դիտարկվել են 75 մասնագիտության կրթական ծրագրեր։ Ուսումնական հաստատությունները, ստանալով ինստիտուցիոնալ հավատարմագրումը, ունենում են մրցակցային առավելություն այն առումով, որ իրենց շրջանավարտների կարողությունները ճանաչելի են միջազգային շուկայում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է այնպիսի պայմաններ ստեղծելը, որ Հայաստանի ուսումնական հաստատությունների շրջանավարտների կարողություններն ավելի շատ ճանաչելի լինեն միջազգային շուկայում։ 

«Այսօր էլ Հայաստանի բուհերի, քոլեջների շրջանավարտները կարող են միջազգային շուկայում աշխատանք գտնել իրենց դիպլոմով, սակայն, երբ ուսումնական հաստատությունն ունենում է միջազգային չափանիշներին համապատասխան այդ հավատարմագրումն, արդեն դրսում այն առավելություն է դիտարկվում։ Եվրոպական կառույցները հիմա մեծ ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, թե արդյոք անձն ավարտել  է հավատարմագրված ուսումնական հաստատություն։ Եվրոպական համապատասխան ռեգիստրում ներկայացվում է մեր հաշվետվությունը։ Գործատուները մեծ կարևորությամբ նայում են ռեգիստրի արդյունքները»,-ասաց Ռուբեն Թոփչյանը։ 

Այդ հավատարմագրումն ինքնանպատակ չի արվում։ Աշխատելով միջազգային գործընկերների հետ՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը վերհանում է այն բոլոր խնդիրներն ու բացերը, որոնց ուղղությամբ ուսումնական հաստատությունները պետք է աշխատեն, բարելավեն իրավիճակը։ Նկատելի արդյունքի պարագայում էլ տրվում է ինստիտուցիոնալ հավատարմագիրը։ 

«Մենք ստեղծել ենք հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմ։ Սահմանվել են նոր առաջնահերթություններ, շեշտադրվել է միջազգային չափանիշներին համահունչ կրթական ծրագրերի իրականացման գործընթացը, դասախոսական անձնակազմի շարունակական զարգացումը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Գաղտնիք չէ, որ արդյունաբերությունը շատ ավելի արագ է զարգանում, քան բուհերը, քոլեջները։ Այս համատեքստում անհրաժեշտ է, որ բուհերն ու քոլեջներն իրենց ուսումնական գործընթացներում նեգրավեն գործատուներին»,-ասաց Ռուբեն Թոփչյանը։ 

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն էլ նշեց, որ ուսումնական հաստատությունները շահագրգռված են ունենալ հավատարմագրում։ 

«Արդեն ունենք բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որոնք 2-րդ կամ 3-րդ շրջափուլով են անցնում, քանի որ հավատարմագրումը տրվում է որոշակի ժամկետով։ Մենք կատարում ենք դիտարկումներ ուսումնական հաստատություններում, վերհանում ենք խնդիրները և սահմանում առաջնահերթությունները։ Մեր ուշադրության առանցքում նաև այն է, որ հենց յուրաքանչյուր ուսանողի առաջընթացը դառնա առաջնահերթ»,-ասաց Վարդուհի Գյուլազյանը։

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը նախատեսում է ակտիվացնել միջազգային գործընկերների հետ աշխատանքը՝ համատեղ հավատարմագրման գործընթացներ իրականացնելու համար։

Հայերեն