Հայաստան

Հայաստանում անցկացված AMADEE 24 Մարսի անալոգային գիտական հետազոտությունը նկատելի արդյունքներ է տվել

5 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացված AMADEE 24 Մարսի անալոգային գիտական հետազոտությունը նկատելի արդյունքներ է տվել

Ավստրիական տիեզերական ֆորումի AMADEE 24 Մարսի անալոգային գիտական հետազոտությունը, որն անցկացվել է Հայաստանում, նկատելի արդյունքներ է տվել։ Նախորդ տարի գարնանը Հայաստանի Արմաշ գյուղը դարձել էր գիտական հետազոտությունների միջազգային հարթակ։ Այնտեղ կառուցված անալոգային տիեզերակայանում անցկացվում էին ուսումնասիրություներ։ Ավստրիական տիեզերական ֆորումը 3 տարին մեկ իրականացնում է AMADEE Մարսի անալոգային գիտական հետազոտությունը, որի նպատակը դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելն է: 2013-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015-ին՝ Ավստրիայում, 2018-ին՝ Օմանում,  2021-ին՝ Իսրայելում: 2024 թվականի թեկնածու երկրների շարքում Հայաստանից բացի եղել են նաև Ավստրալիան, Եգիպտոսն ու Թունիսը։ Հյուրընկալող երկիր ընտրվել էր Հայաստանը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում AMADEE24 Մարսի անալոգային գիտական առաքելություն-Հայաստանի ղեկավար, Հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր Հայկ Ասլանյանը նշեց, որ AMADEE 24 Մարսի անալոգային հետազոտության հերթական փուլը Հայաստանում անցկացնելը կարևոր իրադարձություն էր մեր երկրի ու տեղի գիտական համայնքի համար։  

«Բավական դրական արդյունքներ ենք գրանցել մի շարք ուղղություններով։ Նախ միջազգային գիտական քարտեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացումը։ Բավական շատ անդրադարձ է եղել առաքելության հայաստանյան իրադարձություններին։ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեն, որպես տարվա տիեզերական հիշարժման միջոցառում, հիշատակել էր նաև հայաստանյան ուսումնասաիրություններ։ 30-ից ավելի երկրում անդրադարձ է եղել այդ իրադարձություններին, 800-ից ավելի հրապարակում է եղել։ Խոսվել է, որ Հայաստանն իր գիտական հայտն է ներկայացնում Մարսի հետազոտությունների բարդ խնդիրների լուծման գործում»,-ասաց Հայկ Ասլանյանը։ 

Իրազեկումից, ճանաչելիության բարձրացումից զատ շատ կարևոր է Հայաստանի գիտական ներուժի ներգրավվածությունը։ AMADEE 24 Մարսի անալոգային գիտական հետազոտության շրջանակում ներգրավված հայ գիտնականները ստացել են համապատասխան աջակցություն իրենց ուսումնասիրություններն ու փորձերը կատարելու համար։ Ավելին, Հայկ Ասլանյանը նշեց, որ հայ գիտնականների աշխատանքի արդյունքում արժեքավոր գիտական տվյալներ են հավաքագրվել, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի Մարս իրական թռիչքի նախապատրաստությանը։ 

«Օրինակ՝ հավաքագրվել են տվյալներ, թե մեկուսացման շրջանում ի՞նչ գենետիկ փոփոխություններ են տեղի ունենում, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։  Այսինքն՝ կատարվել է գիտական հետազոտություն արտաքին միջավայրի ազդեցության պայմաններում քրոմոսոմների փոփոխությունների վերաբերյալ»,-ասաց Հայկ Ասլանյանը։ 

Հայաստանի մասնագետներն իրենց ներդրումն ունեցել են նաև անալոգ տիեզերագնացների սննադակարգի ու ֆիզիկական մարզումների ծրագրի կազմման գործում։ AMADEE24 առաքելության անալոգ տիեզերագնացների սննդաբան և մարզումների պատասխանատու Հովհաննես Ավագյանը նշեց, որ այս ուղղությամբ եղած AMADEE-ի փորձը պահպանելով, իրենք թողել են նաև իրենց ձեռագիրը։

«Արհեստական բանականության գործիքակազմի ներդրմամբ փորձել ենք  նորություն մտցնել անալոգ տիեզերագնացների սննդակարգերի ճիշտ մշակման ու անհատականացման գործում։ Ստացվում է մարդկային գործոնը նվազեցվում է, հետևաբար սխալվելու հավանականության ռիսկը փոքրանում է։ Արդյունքում՝ ստանում ենք գերճշգրիտ սնունդ անալոգ տիեզերագնացների համար, օրինակ՝ մեր կողմից ստացված սննդային բատոնները, սննդային գելերը։ Վերջիններիս առավելությունն այն է, որ այն պարզապես սնունդ չէ, այլ 8 ժամ կուշտ լինելու զգացողություն է ապահովում»,-ասաց Հովհաննես Ավագյանն՝ ընդգծելով, որ այն հավանության է արժանացել տարբեր երկրների կողմից։ 

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ բանախոսները հայտնեցին, որ 2025-ի հոկտեմբերին կայանալիք Worlds biggest analog միջազգային տիեզերական առաքելությանը Հայաստանը ևս մասնակցելու է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում