Մամուլի սրահ

Անշարժ գույքի շուկայում 2024 թվականին բավականին աշխուժություն է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Անշարժ գույքի շուկայում 2024 թվականին բավականին աշխուժություն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում անշարժ գույքի շուկայում 2024 թվականին բավականին աշխուժություն է գրանցվել։ Նախորդ տարի կնքվել է 247 հազար 926 գործարք։ Միայն Երևանում նախորդ տարի գործարքների թիվը կազմել է 68 հազար 946։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն, ամփոփելով 2024 թվականի աշխատանքները, նշեց, որ գործարքների ցուցանիշները ցույց են տալիս, որ թե մարզերում, թե Երևանում առկա է տոկոսային աճ։ Մասնավորապես, Երևանում աճը կազմել է 12 տոկոս, մարզերում շուրջ 13 տոկոս։ 

«Հանրապետության բոլոր տարածքներում, անշարժ գույքի շուկայում գրանցված գործարքների թվով տեսնում ենք, որ աճ կա։ Երևանից դուրս ամենաբարձր աճը գրանցվել է Գեղարքունիքում՝ 15 տոկոս, Լոռու մարզում՝ 14 տոկոս, Շիրակում՝ 11 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 10 տոկոս, Արարատում՝ 7 տոկոս, Կոտայքում՝ 5 տոկոս և այլն»,-ասաց Սուրեն Թովմասյանը։ 

Գործարքները տարբեր ուղղություններով են՝ անշարժ գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցում, առք ու վաճառք, վարձակալություն, ժառանգություն, գրավադրում, օտարում և այլն։    

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա Սուրեն Թովմասյանը նշեց, որ տվյալները կներկայացվեն ավելի ուշ, երբ տարեկան հաշվետվություններն ամբողջականացված կլինեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում