2 տոննայից ավելի սիգի ապօրինի որս, 12 մլն դրամից ավելի վնաս. տեսչական մարմինն ամփոփել է վերահսկողության գործընթացը
4 րոպեի ընթերցում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ կանխելով ապօրինի ձկնորսությունը։ Սևանա լճի տարածքից բացի ուշադրության կենտրնում են եղել նաև առևտրի կետերը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը նշեց, որ գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել։
«2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը կատարված խստացված միջոցառումների ժամանակ առգարվվել է 2784 կգ սիգ ձկնատեսակ, պատճառված վնասի չափը կազմում է 12 մլն 844 հազար դրամ։ Առգրավվել է 61 հատ լողամիջոց, 119 հատ խեցգետնորսիչ, 908 հատ ձկնորսական ցանց և այլն։ Առգրավված ձկան քանակը նախորդ խստացված միջոցառումների ցուցանիշի համեմատ գրեթե նույնն է, սակայն այս տարի դեպքերը հիմնականում հենց Սևանա լճի տարածքում են եղել, ոչ թե առևտրի կենտրոններում, շուկաներում»,-ասաց Վրեժ Գալոյանը։
Ապօրինի որսած ձուկը հայտնաբերելու ու առգրավվելու պարագայում հանձնվում է հատուկ խնամքի հաստատություններին, ինչպես նաև վայրի կենդանիների պահման վայրեր՝ նախապես սննդի անվտանգության մասնագետների դրական եզրակացությունից հետո։
Մինչ խստացված միջոցառումները համապատասխան մարմինների կողմից ակտիվորեն իրականացվել են իրազեկման աշխատանքներ։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանը տեղեկացրեց, որ բոլոր համայնքներում առանձին-առանձին հանդիպումներ են անցկացվել ձկնորսների հետ։
«Տեղեկացվել է, որ սահմանված ժամանակահատվածում Սևանա լճի ափից պետք է հեռացվեն բոլոր լողամիջոցները։ Ներկայացրել ենք տեղեկատվություն վարչարարության մասին։ Հիմնականում խնդիրներ, հակազդեցություն չի եղել, բնակչությունը դրական է արձագանքել և հեռացրել են լողամիջոցները։ Նրանք, որոնք ամեն դեպքում ինչ-ինչ պատճառներով դա չեն արել, հետևել է իրավական գործընթաց»,-ասաց Արտուշ Ղուկասյանը։
Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին, նախաձեռնվել է 25 քրեական վարույթ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն սիգի ապօրինի որսի պարագայում ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված է տուգանք 300 հազարից մինչև 400 հազար դրամ, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 500 հազարից մինչև 600 հազար դրամ։
Մասնագետները նշում են, որ տեղի բնակիչների կողմից կոշտ արձագանք, ընդվզում չկա։ Դա պայմանավորված է ինչպես իրազեկման աշխատանքներով, այնպես էլ օրենսդրության ու վերահսկողական միջոցառումների խստացմամբ։ Տեսչական մարմինն ընդլայնել է վերահսկողության իր գործիքակազմը։ Վերահսկողական աշխատանքներում ներառվել են դրոններ, ինֆրակարմիր ջերմային պատկերիչ։ Առաջիկայում տեխնիկական միջոցներն ավելանալու են և շուրջօրյա վերահսկողությունը շարունակվելու է։
Հունվարի 20-ից հետո Սևանում սիգի արդյունագործական որսի արգելքի ժամանակահատվածն ավարտվում է, արդյո՞ք հնարավոր կլինի դրանից հետո սիգ որսալ։ Հարցին ի պատասխան, տեսչական մարմնի պատասխանատուները նշեցին, որ սիգի արդյունագործական որս միայն թույլատրվում է համապատասխան պայմանագրի առկայությամբ՝ տրված լիազոր մարմնի կողմից։ Քանի դեռ այն չկա, այս փուլում սիգ որսալ հնարավոր չէ։ Թույլտվություն տալու համապատասխան որոշումը կլինի շուտով։