Հայաստան

Ուսումնական հաստատություններում մի շարք խախտումներ են արձանագրվել. ՀՀ կրթության տեսչական մարմինն ամփոփել է տարին

4 րոպեի ընթերցում

Ուսումնական հաստատություններում մի շարք խախտումներ են արձանագրվել. ՀՀ կրթության տեսչական մարմինն ամփոփել է տարին

ՀՀ կրթության տեսչական մարմինը 2024 թվականի ընթացքում ստուգումներ է իրականացրել 100-ից ավելի ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են եղել դասապրոցեսները, դրանցում սովորողների բավարար ներգրավվածությունը, ուսումնական հաստատությունների պայմանները և այլն։ 

«Արձանագրված խախտումները բազմաթիվ են ու տարբեր բնույթի։ Խախտումները վերաբերում են մանկավարժական աշխատողների նշանակմանը, պաշտոնային պարտականությունների կատարմանը, ուսումնական հաստատությունների միջավայրին և այլն։ Օրինակ, գրանցվել են թափուր տեղի համալրման ընթացակարգի խախտումներ, չեն պահպանվել ժամկետները, մրցույթի մասին հայտարարությունը պատշաճ կերպով չի հրապարակվել։ Ֆիզիկական միջավայրին առնչվող խնդիրներ ավելի շատ հանդիպել են մանկապարտեզներում։ Նոր չափորոշիչներով հստակ պահանջներ են սահմանվում, թե ինչ երաժշտական գործիքներ, խաղահրապարակներ, կանաչ տարածքներ պետք է լինեն մանկապարտեզներում։ Ոչ բոլոր դեպքերում են պահպանվել սահմանված պահանջները»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը։ Նա ընդգծեց, որ զարգացնող միջավայրի պայմանները գնահատելուց զատ, նաև ուշադրություն են դարձնում մանկավարժական աշխատողի գործունեությանը։ 

Նախորդ տարվա ընթացքում տեսչական մարմնի կողմից նաև դպրոցներում կատարվել են դասալսումներ։ Սովորողների գիտելիքների մակարդակը որոշելու նպատակով տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների շրջանակում տրվել են գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու», և «Մաթեմատիկա» առարկաներից։ 

««Հայոց լեզու» առարկայի գրավոր աշխատանքին մասնակցել է 5163, «Մաթեմատիկա»-ի աշխատանքին՝ 5098 սովորող։ Միջին գնահատականը ««Հայոց լեզու» առարկայի պարագայում 4,4 է, «Մաթեմատիկա»-ի դեպքում 4,1 միավոր է 10 միավոր սանդղակով։ Մենք, իհարկե, վերլուծում ենք իրավիճակը, սակայն խնդիրների վերհանումը գտնվում է լիազոր մարմինների տիրույթում»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը։ 

Նախորդ տարի տեսչական մարմինը ստացել է 138 դիմում-բողոք։ Դրանցում որոշակի թիվ են կազմել բռնությանը, բուլինգին վերաբերող դեպքերը։ Վաղարշակ Մատիկյանը տեղեկացրեց, որ վերհանված խնդիրները լուծելու համար իրականացվել են աշխատանքներ տարբեր ուղղություններով, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, հատկապես հոգեբաններ։ Այս համատեքստում տեսչական մարմնի արձանագրած հիմնական խնդիրները վերաբերել են տնօրենների պաշտոնային պարտականությունների կատարմանը։ Այն է, պետք է կարողանան դպրոցներում ապահովել պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ։ 

Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել դպրոցների գրադարանների աշխատանքները։ Արձանագրվել է, որ գրադարանից օգտվող սովորողների միջին ցուցանիշը ցածր է: Նշվել է, որ գրադարանավարները լավ չեն տիրապետում իրենց պաշտոնային պարտականություններին: Այս ուղղությամբ խնդիրներն արձանագրված են և նախանշված են անելիքները։

2025 թվականը տեսչական մարմնի համար լինելու է կանխարգելիչ միջոցառումների շեշտադրման տարի։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում