Մամուլի սրահ

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Լոռիում թատերական տոն է սպասվում։ Հայաստանի տարբեր քաղաքներից ու մի շարք երկրներից 20 թատրոնի մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվելու է Ալավերդի և Վանաձոր քաղաքներում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը նշեց, որ բավական հագեցած ծրագրով են ներկայանում։

«Փառատոնի պաշտոնական բացումը սեպտեմբերի 26-ին է։ Մեկնարկը տրվելու է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ինչպես նկարել թռչուն» ներկայացմամբ։ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Սերբիայից թատերախմբերը հանդես են գալու բազմազան ներկայացումներով։ Ժանրային սահմանափակում չկա, լինելու են տիկնիկային, մանկապատանեկան, կամերային և այլ ներկայացումներ։ Ասեմ, որ Իրանից ևս մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու, սակայն տարածաշրջանի լարված իրավիճակով պայմանավորված տեղափոխության խնդիր կա։ Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ Իրանից ևս մասնակցություն կլինի»,-ասաց Հրաչյա Պապինյանը։   

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևոր համարեց, որ «Թատերական Լոռի»-ն շարունակում է իր ճանապարհը՝ յուրահատուկ գույն հաղորդելով մարզային թատերական կյանքին։ Այն ի սկզբանե ստեղծվել էր որպես ինքնագործ թատերախմբերի մարզային փառատոն, այնուհետև դարձել էր հանրապետական, իսկ 2012 թվականից ունի միջազգային մասնակցություն։

«Փառատոնն ամեն անգամ հանդես է գալիս բավական հետաքրքիր ներկայացումներով։ Ի դեպ, ընդգծեմ, որ մասնակցում են ոչ միայն պետական, այլև մասնավոր թատրոնները։ Փառատոնը շատ սպասված է, դուք չեք պատկերացնում, թե ինչպես են բնակիչները սպասում, ինչ լեփ-լեցուն դահլիճներով են անցնում։ Մարդիկ ոչ միայն վայելում են ներկայացումները, այլև սիրված դերասանների հետ կենդանի շփման հնարավորություն են ունենում։ Նման միջոցառումները նկատելի փոխում են մարզային մշակութային կյանքը, ինչը շատ կարևոր է»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։ 

2012 թվականից փառատոնի շրջանակում անցկացվում է «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցում են ռուսական թատրոններ Երևանից և Ռուսաստանից։

«Թատերական Լոռի»-ին այս տարի նվիրվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի 170-ամյակին։ Փառատոնի փակումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին Վանաձորում՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի «Պեպո» ներկայացմամբ։

Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է։ Ներկայացումների ցանկին կարելի է ծանոթանալ փառատոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում