Հայաստան

Արենիում մեծ շուքով կնշվի Խաղողօրհնեքը

4 րոպեի ընթերցում

Արենիում մեծ շուքով կնշվի Խաղողօրհնեքը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր գյուղում մեծ շուքով կնշվի Խաղողօրհնեքը՝ նվիրված խաղողի առաջին բերքի օրհնությանը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը նշեց, որ տոնակատարության առանցքում լինելու է խաղողը, սակայն մի քանի տասնյակ տաղավարներում ներկայացվելու է Աղավնաձորի ու Արենիի այլ համայնքների բերքն ու բարիքը։

«Տոնն իր շուրջը համախմբելու է խաղողագործներին, գինեգործներին, տեղական արտադրողներին, արհեստավորներին, ինչպես նաև գինու ու համեղ ուտեսների սիրահար զբոսաշրջիկներին։ Տոնն անցկացվելու է օգոստոսի 16-ին, մեկնարկը լինելու է ժամը 16։00-ին՝ խաղողի առաջին բերքի օրհնությամբ»,-ասաց Սյուզան Մարգարյանը։

Աղավնաձորի բնակիչ Մարիամ Սահակյանը, որը չրագոծությամբ է զբաղվում, նշեց, որ արդեն 3-րդ տարին է՝ մասնակցում է Խաղողօրհնեքի տոնակատարությանը և գյուղում ամեն տարի դրան մեծ սպասումով են նախապատրաստվում։

«Տեղի բնակիչները մեծ ոգոևորությամբ են սպասում, նախապատրաստվում են, ամեն ինչ անում են, որ հնարավորինս բազմազան, համեղ ուտեստներ ներկայացնեն, ու այդ ամենը մատուցվի գեղեցիկ փաթեթավորմամբ։ Ամեն մի թաղամաս որոշում է, թե ինչ ավանդական ճաշատակեսակ պատրաստի, օրինակ,  կառանձնացնեմ բանջարով շորվան, պասուց տոլման, մասուրով ապուրը, ձմերուկի և սեխի կորիզներից պատրաստած ուտեստը»,-ասաց Մարիամ Սահակյանը՝ ընդգծելով, որ ուտեստներից բացի շեշտադրում են նաև համայնքի ավանդույթները։

Արենիի համայնքապետարանի գնումների համակարգող Արմինե Վարդանյանը նշեց, որ համայնքի բնակավայրերը հանրահռչակելու նպատակով նախաձեռնել են ֆիլմերի նկարահանում։ Արդեն Արենի բնակավայրում նկարահանումներ կատարվել են, ներկայում աշխատանքներ են արվում Աղավնաձորում, Ռինդ բնակավայրում։  

«Տեսանյութերում շեշտադրում ենք բնակավայրերի մշակութային արժեքները, հնավայրերը, կոթողները,  չենք մոռանում նաև ազգային խաղերը, տեղի ավանդույթները։ Կան նույնիսկ վայրեր, որ մենք, լինելով Արենի համայնքի բնակիչ, չենք իմացել դրանց մասին։  Հիմա և՛ ճանաչված վայրերի մասին ենք խոսում, և՛ նոր բացահայտումներ ենք անում ու, դրանք հանրահռչակելով, փորձում ենք զբոսաշրջիկների հետաքրքրությունն ուղղորդել դեպի այդ հատվածներ»,-ասաց Արմին Վարդանյանը։

«Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը նկատեց, որ համայնքապետարանը որդեգրել է բնակավայրերի համաչափ ու կայուն զարգացման քաղաքականությունը։ Այդ համատեքստում այս փառատոնները, նման տարբեր միջոցառումները մեծ նշանակություն են ունենում համայնքի զարգացման համար։ Տնտեսական առումով արդյունքները տեսանելի են. տեղի բնակիչները ոչ միայն վաճառում են իրենց բերքն ու բարիքը, այլև գործընկերներ են գտնում։ Դրանից բացի տեղի հյուրատնային, ռեստորանային տնտեսությունն է զարգանում։ Այդ ամենին նպաստում են Արենի համայնքում անցկացվող փառատոնների շրջանակում մեծ թվով այցելությունները։ Միայն նախորդ տարի Արենի գինու փառատոնի շրջանակում գրանցվել է 40 հազար այցելություն։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում