1300-ից ավելի ստուգում, 2 մլրդ դրամից ավելի վարչական պատասխանատվություն. ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփում է տարին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից 2024 թվականին իրականացվել է 1300-ից ավելի ստուգում և դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություն։ Ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ ընդհանուր կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 8600-ից ավելի վարչական ակտ։ Տուգանքի ընդհանուր գումարը գերազանցում է 2 մլրդ դրամը։ Տեսչական մարմնի վերահսկողության տակ գտնվող ռիսկային ուղղություններից է տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտը։
«Տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում 2024 թվականին իրականացրել ենք 2300-ից ավելի ստուգում, հետազոտություն։ Հայտնաբերված խախտումների թիվը գերազանցում է 4500-ը։ Մեր ուշադրության կենտրոնում են եղել գազալցակայանները, բենզալցակայնները, հեղուկ վառելիքի պահեստարանները։ Ասեմ, որ 120 օբյեկտի գործունեություն դադարեցվել է, որոնցից 27-ը գործընկեր գերատեսչությունների հետ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։
Խոշոր առևտրի կենտրոններում 2023 թվականին մեկնարկած վերահսկողության գործընթացները շարունակվել են նաև 2024 թվականին։ Բոլոր այն դեպքերում, երբ այդ օբյեկտներում հայտնաբերվեցին խախտումներ, որոնք կարող էին հանրության անվտանգությանը սպառնացող ռիսկ առաջացնել, կայացվել են որոշումներ այդ օբյեկտների դադարեցման մասին։ Հետագայում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված մեծածավալ աշխատանքի արդյունքում վերացվել են ռիսկերը և կայացվել են օբյեկտների գործունեության վերսկսման մասին որոշումներ։
Նշված ուղղություններով հանդիպող խնդիրները տարբեր են՝ կահավորված են լինում վերգետնյա ռեզերվուարներով, որոնք բնակավայրերում արգելված են։ Մյուս խնդիրը միջտարածությունների խախտումն է, լցակայանները տեղակայված են բազմաֆունկցիոնալ համալիրների, դպրոցների, մանկապարտեզների մոտակայքում։