Մամուլի սրահ

Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը

Հանրապետության առաջին բուժօգնության օղակներում արդեն հասանելի է ջրծաղիկի դեմ պատվաստանյութը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութի բաշխումն իրականացվել է և պատվաստման գործընթացը ներդրվում է փուլային տարբերակով։ 

«Այս փուլում պոլիկլինիկաներում կարող են պատվաստվել 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված ու 12 ամսականը լրացած երեխաները։ (Խմբ․-այս փուլում պատվաստվում են 1 տարեկանից մինչև 1 տարեկան 2 ամսական երեխաները)։ Պլանավորումն իրականացվում է բուժհաստատություններում ու երեխաները հրավիրվում են պատվաստման»,-ասաց Զարուհի Գրիգորյանն՝ ընդգծլով, որ ջրծաղիկը հանրային առողջապահական հիմնախնդիր է և շատ կարևոր է այս պատվաստանյութը ներդնելը։ 

Վերջն 15 տարվա ընթացքում Հայաստանում ջրծաղիկի վարակվածության տարեկան միջինը ցուցանիշը կազմել է 15 հազար։ Աշխարոհւմ առկա են անվտանգ պատվաստանյութեր, որոնք օգնում են կանխել հիվանդության տարածումը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ ջրծաղիկի դեմ պատվաստանյութը բավական արդյունավետ է։ Դրա կիրառման ցուցումները նույնն են, ինչ մյուս պատվաստանյութերինն է։  

«Պատվաստանյութը կիրառվում է, եթե անձը չունի որևէ սուր հիվանդություն կամ այդ պահին առկա չէ քրոնիկ հիվանդության սրացում։ Ինչ վերաբերում է հետ պատվաստումային երևույթներին, ապա կրկին նույն իրավիճակն է, ինչ մյուս պատվաստանյութերի պարագայում՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։ 

Պատվաստանյութը ներդրվում է փուլային տարբերակով։ Այս տարի պատվաստված երեխաները 2026 թվականին կստանան 2-րդ դեղաչափը։ 2027 թվականին պատվաստանյութը հասանելի կլինի նաև 4-6 տարեկան երեխաների համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում