Մամուլի սրահ

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

4 րոպեի ընթերցում

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերին նվիրված ասուլիս
«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերին նվիրված ասուլիս

Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 1-3-ը Երևանում կանցկացվի «Երևան․ քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը նշեց, որ գիտաժողովն անցկացվում է բավական հագեցած ծրագրով ու ընդգրկուն մասնակցությամբ։

«Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 90 զեկուցող հանդես է գալու գիտաժողովի շրջանակում։ Ներկայացված են լինելու 30-ից ավելի կրթական, մշակութային և պետական կառույցներ։ Միջազգային մեր գործընկերներից մասնակցություն ունենք Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Մասնավորապես, Թյուբինգենի Էբերհարդ Կարլի համալսարանը, Բրեմենի կիրառական գիտությունների համալսարանը, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, ԱՄՆ-ի Արևելյան թեմի ազգային առաջնորդարանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը։  

Երևանի պատմության թանգարանի տնօրենը նշեց, որ սա շատ լավ առիթ է ներկայացնելու նոր աշխատանքներ, հետազոտություններ, որոնք կօգնեն բացահայտելու մայրաքաղաքի պատմական տարբեր շերտեր։ Զեկույցները անդրադառնալու են Երևանի պատմությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը, հնագիտական աշխատանքներին, թանգարանագիտությանը և այլն։

«Գիտաժողովին ներկայացվելու են քաղաքային ժառանգության նորովի ուսումնասիրման, բացահայտման այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Սիլիկյան թաղամասում հայտնաբերված հնագիտական նոր շերտերը, որոնք մեր մասնագետները կներկայացնեն ճարտարագիտական, պատմագիտական տեսանկյունից։ Զեկույցներում մեկ այլ շեշտադրում ունենք, որ վերաբերում է Կոնդի պեղումներին։ Մեր միջազգային գործընկերները Ռուսաստանից ներկայացնելու են զեկույց Երևանի դիտահորերի պատմության մասին, Գերմանիայի մեր գործընկերները հանդես են գալու «Կայուն զբոսաշրջությունը Երևանում» թեմայով՝ ներկայացնելով զբոսաշրջության տնտեսական և սոցիալ-մշակութային ազդեցությունները»,-ասաց Գևորգ Օրբելյանը։

Նշված թեմաներից զատ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ներկայացնելու է երևանյան քաղցրավենիքը 1900-ականներին, իսկ «Կարին» գիտական կենտրոնը կներկայացնի հայ ավանդական պարը 21-րդ դարի առաջին քառորդում։ Գևորգ Օրբելյանը համոզմունք հայտնեց, որ զեկույցները նոր լույս կսփռեն մայրաքաղաքի պատմության վրա։

«Գիտաժողովի արդյունքում ակնկալում ենք ընդլայնել Երևանի պատմության և ժառանգության ուսումնասիրության միջազգային համագործակցությունը, ձևավորել նոր գիտական և մասնագիտական կապեր, ինչպես նաև խթանել Երևանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ հետազոտությունների և հրապարակումների զարգացումը»,-ասաց Գևորգ Օրբելյանը։  

Երևանի պատմության թանգարանի տնօրենը նշեց, որ համաժողովի բացմանը ներկայացվելու է թանգարանի 95-ամյակին նվիրված ֆիլմ։ Նա նաև տեղեկացրեց, որ թանգարանի 95-ամյակի շրջանակում hայկական մշակույթը ներկայացվում է Չինաստանում: Թանգարանի հավաքածուից ընտրված շուրջ 134 արժեքավոր նմուշներ՝ հայկական ավանդական տարազներ, զարդեր, գորգեր, կարպետագործության և ասեղնագործության բացառիկ աշխատանքներ, ազգային նվագարաններ արդեն 3 ամիս է ներկայացվում են Շանսի նահանգում, հաջորդիվ շրջիկ ցուցահանդեսը կլինի Հեբեյում և Շանդունում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում