Մամուլի սրահ

Հեղինակային իրավունքի պաշտպանության հետքերով․ դատարանը բավարարել է «Ֆոտոլուր»-ի հայցը

3 րոպեի ընթերցում

Հեղինակային իրավունքի պաշտպանության հետքերով․ դատարանը բավարարել է «Ֆոտոլուր»-ի հայցը

Հեղինակային իրավունքի պաշտպանության գործում «Ֆոտոլուր»-ը հաջողություն է գրանցել։ Դատարանը բավարարել է «Ֆոտոլուր»-ի հայցն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանը նշեց, որ լրատվամիջոցն օգտագործել է իրենց լուսանկարներն առանց թույլտվության՝ խախտելով հեղինակային իրավունքը։ 

«Սա առաջին դեպքը չէ, բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր լրատվամիջոցներ օգտագործում են «Ֆոտոլուր»-ի լուսանկարներն առանց թույլտվության։ Պատճառաբանում են, թե ինտերնետից են վերցրել ու չգիտեն, թե ում լուսանկարն է։ Նախ առաջինը՝ դա ի՞նչ կապ ունի, դու պարտավոր ես ճշտել, թե ով է հեղինակը, երկրորդ՝ բազմաթիվ են նաև դեպքերը, երբ մեր հենց տարբերանշանով լուսանկարներն են օգտագործել՝ առանց թույլտվության»,-ասաց Մելիք Բաղդասարյանը։ 

Փաստաբան Անի Դավթյանը նշեց, որ նույնիսկ եթե լրատվամիջոցի արտադրանքի, տվյալ դեպքում լուսանկարի տարբերանշանը կամ հղումը պահպանվում է, միևնույնն է, այն օգտագործելու համար պետք է հեղինակից ստանալ թույլտվություն։ Առանց թույլտվության լրատվամիջոցի արտադրանքն օգտագործելը ենթակա է պատասխանատվության։ 

«Այս գործը լավ նախադեպ կարող է լինել, և եթե առաջիկայում էլ նման խնդիրների բախված անձինք, կազմակերպությունները դիմեն դատարան ու հաջողություն գրանցեն, ապա կարծում եմ, որ զսպող գործիք կլինի։ Ի դեպ, Հայաստանում հեղինակային իրավունքի մասով դատական գործերը բավական քիչ են, թեպետ, ասեմ, որ վերջին տարիներին նկատվում է, որ միտումը փոխվում է»,-ասաց Անի Դավթյանը։ 

«Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանն ընդգծեց, որ այս խնդիրը վերաբերում է լրատվադաշտում գործող շատ անհատների ու կազմակերպությունների։ Նրա խոսքով՝ սա միայն «Ֆոտոլուր»-ի խնդիրը չէ։ Դաշտում չկա լրատվամիջոցի արտադրանքը ճիշտ օգտագործելու մշակույթ։ 

«Չեն ընդունում, որ այդ լուսանկարներն արժեք ունեն, դրանք մարդիկ են ստեղծել, ռեսուրսներ են ծախսվել։ Մենք զանգահարում ենք, նամակներով տեղեկացնում ենք, իրազեկում ենք, որ հեղինակային իրավունք եք խախտել։ Մեր բոլոր հորդորները հիմնականում անուշադրության են մատնվում կամ լավագույն դեպքում այդ օրվա մեր լուսնկարը հեռացվում է իրենց կայքից»,-ասաց Մելիք Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ առաջիկայում ևս հետևողական են լինելու հեղինակային իրավունքի պաշտպանության առումով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում