Աշխարհ

Ռումինիայի նախագահը հերքել է իր վաղաժամկետ հրաժարականի մասին լուրերը

3 րոպեի ընթերցում

REUTERS
REUTERS

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ մտադիր չէ զբաղեցրած պաշտոնից հեռանալ մինչև այն պահը, երբ երկրի քաղաքացիները կընտրեն պետության նոր ղեկավարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կլաուս Յոհանիսը հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Կարծում եմ՝ այս թեման արծարծվում է պոպուլիստական ​​և նախընտրական նպատակներով, քանի որ ես գործում եմ սահմանադրությանը համապատասխան: Ինձ ընտրած ավելի քան 6 միլիոն ռումինացիները քվեարկել են, որպեսզի գործեմ ըստ կանոնների: Իսկ կանոնները՝ սահմանադրությունն է»,- հայտարարել է Յոհանիսը։

Նա ընդգծել է, որ իր լիազորությունների ժամկետը շուտով լրանում է, ուստի Ռումինիայի քաղաքացիները պետք է կենտրոնանան իր հետնորդի ընտրության խնդրին:

«Ես կհեռանամ մի քանի ամսից և կստանձնեմ իմ արածի պատասխանատվությունը՝ ինչպես լավի, այնպես էլ վատի համար: Բայց Ռումինիան պետք է նախագահ ընտրի: Հենց այս թեման պետք է քննարկենք»,- ասել է Յոհանիսը: 

Կլաուս Յոհանիսի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին, սակայն նա շարունակում է մնալ երկրի ղեկին մինչև նոր նախագահի ընտրությունը: Միաժամանակ, Ռումինիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ պնդում են, որ Յոհանիսը պետք է հրաժարական տար և իր լիազորությունները փոխանցեր խորհրդարանի ղեկավարին։

Նոյեմբերի 24-ին Ռումինիայում տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում առաջին փուլի առաջատար էր դարձել TikTok-ում ակտիվ քարոզարշավի շնորհիվ ձայների 22,94 տոկոսը ստացած անկախ թեկնածու Կելին Գեորգեսկուն: Երկրորդ տեղը քվեների 19,18 տոկոսով զբաղեցրել էր Ելենա Լասկոնին, որը հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդման օգտին։

Սակայն դեկտեմբերի 6-ին երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել ընտրությունների արդյունքները՝ մատնանշելով լուրջ խախտումներ, որոնք հաստատվել էին Անվտանգության բարձրագույն խորհրդի գաղտնազերծված փաստաթղթերով։ Արդյունքների չեղարկման որոշումն ընդունվել էր հասարակական կազմակերպությունների, թեկնածուների և պետական ​​կառույցների բողոքների ուսումնասիրությունից հետո: Երկրի կառավարությունը որոշել է կազմակերպել նոր ընտրություններ, որոնց առաջին փուլը նախատեսված է մայիսի 4-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում