Եվրոպա

Հունաստանի պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին անհամաձայնություն է հայտնել Թուրքիային հրթիռների հնարավոր վաճառքի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

Հունաստանի պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին անհամաձայնություն է հայտնել Թուրքիային հրթիռների հնարավոր վաճառքի առնչությամբ

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը պարզաբանումներ է խնդրել Ֆրանսիայի դեսպան Լորենս Օուերից Թուրքիային Meteor հրթիռների հնարավոր վաճառքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Դենդիասը հայտնել է X-ում։

Դենդիասը գրել է, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և արտգործնախարար Յորգոս Գերապերտիտիսի հետ համապատասխան քննարկումից հետո արտգործնախարարությունում հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Լորանս Աուերի հետ, որից խնդրել է պաշտոնական բացատրություն Ֆրանսիայի մասնակցությամբ կոնսորցիումներից մեկի կողմից Թուրքիային Meteor հրթիռների վաճառքի մասին տեղեկատվության վերաբերյալ։

Աթենքում Ֆրանսիայի դեսպանից ստացված տեղեկատվությունից հետո Դենդիասը հայտնել է Հունաստանի «վճռական անհամաձայնությունը Թուրքիային Meteor հրթիռների առաջիկա վաճառքին»։ 

«Ես Ֆրանսիայի դեսպանին հայտնեցի Հունաստանի խիստ անհամաձայնությունը նման հեռանկարի նկատմամբ, որը չի համապատասխանում երկու երկրների միջև հիանալի ռազմավարական հարաբերություններին», - գրել է նախարարը։

Իր հերթին, Միցոտակիսը հունական Alpha հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ տեղեկություն չունի Ֆրանսիայի կողմից Թուրքիային հրթիռների վաճառքի հնարավոր հավանության մասին։ 

«Մեզ չեն հայտնել՝ արդյոք Ֆրանսիան ընդունել է նման որոշում», - ասել է նա։ 

Միցոտակիսը, մեկնաբանելով Դենդիասի հանդիպումը Ֆրանսիայի դեսպանի հետ, կարծիք է հայտնել, որ պաշտպանության նախարարության ղեկավարը, հնարավոր է, այն անցկացրել է «որպես նախազգուշական միջոց»։ 

«Հնարավոր է՝ հետաքրքրություն է հանդես բերվել Թուրքիայի կողմից։ Ինձ այդ որոշման մասին չեն հայտնել: Տեսնենք՝ ինչպիսին կլինի այս թեմայի զարգացումը: Երբեմն կանխարգելումն ավելի լավ է, քան բուժումը», - ընդգծել է վարչապետը։

Ավելի վաղ թուրքական Milliyet թերթը գրել էր, որ Թուրքիան ցանկանում է գնել Meteor՝ «Աթենքի հետ հավասարակշռությունը վերականգնելու համար»։ Հրատարակությունը պնդել էր, որ Հունաստանի սպառազինությունում կան Meteor հրթիռներ՝ 200 կմ հեռահարությամբ, մինչդեռ Թուրքիան ունի 70 կմ հեռահարությամբ հրթիռներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում