Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, խոսել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի։ Մենք պատրաստակամ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու համար այս նպատակին, որպեսզի վստահ լինենք, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ և բարգավաճում է։ Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինի։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար։ Եվ մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա»,- նշեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը։
Բոճորիշվիլին հավելեց, որ այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին խոսելիս՝ պետք է նշել այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, որն օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ։ «Ես պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս՝ այդ իրավիճակով պայմանավորված։ Դրանք են հումանիտար խնդիրները, տնտեսական խնդիրները և սոցիալական ծանր պայմանները։ Սա շարունակաբար մնում է ծանր խնդիր Վրաստանի համար»,- ընդգծեց նախարարը։
Վրաստանի ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակաբար այդպես կանեն ապագայում՝ լինի դա երկկողմ, թե բազմակողմ հարթակներում։