Առևտրի օբյեկտներում բնական կաթնամթերքն ու կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է տարանջատվեն գունային դարակաշարերով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:
«Ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի ճարպի փոխարինչով կաթնամթերքի վաճառքը: Եվ, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել՝ կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչո՞վ, թե՞ առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություն և սահմանել դրույթ, որ կաթնամթերքի վաճառքն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է տարանջատել գունային դարակաշարերով: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել՝ կաթնամթերքը բնակա՞ն է, թե՞ պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով»,-ասաց փոխնախարարը:
Արտադրողները սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ, արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնել առանց կաթնային յուղի փոխարինչի և կաթնային յուղի փոխարինչով կաթնամթերքը:
Այսպիսով սահմանվում է, որ առևտրի օբյեկտներում առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ: