Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրադարձությանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ արտահնձնված անձանցից մեկը կազմակերպված հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։ Միկրոբլոգում նաև տեղադրված է տեսանյութ այն մասին, թե ինչպես են երկու հանցագործներին հասցնում Թուրքիա։
Նշվում է, որ Էրքան Յըլմազը կապեր ունի «Բարըշ Բոյըն» հանցավոր կազմակերպության հետ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ազգային մակարդակով ՝ 15 տարի ժամկետով կալանավորման 43 օրդերով, իսկ միջազգային մակարդակով ՝ Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ՝ 14 տարի ժամկետով: Իբրահիմ Կայմակը հետախուզվում է ազգային մակարդակով ՝ 6 տարի ժամկետով ձերբակալման 10 օրդերով, իսկ միջազգային մակարդակով՝ Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ՝ 1 տարի ժամկետով:
Թուրքիայի ՆԳՆ-ն համագործակցության համար շնորհակալություն է հայտնել երկրի մի շարք մարմինների, ինչպես նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին ՝ Օրդու նահանգի ոստիկանության վարչության հետ համագործակցության համար: