Ադրբեջան

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո ողջ է մնացել 32 մարդ

2 րոպեի ընթերցում

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո ողջ է մնացել 32 մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 32 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ներկայացուցիչ Քյանան Զեյնալովն այս մասին հայտարարել է դեկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ներկայում Ղազախստանի դատախազության մարմինների հետ համատեղ անցկացվում է քրեական գործի հետաքննություն։

«Մենք դեռևս չենք կարող հայտնել հետաքննության որևիցե արդյունքի մասին: Դիտարկվում են բոլոր վարկածները, անցկացվում են համապատասխան փորձաքննություններ: Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարությամբ քննչական խումբը գործուղվել է Ղազախստան և աշխատում է դեպքի վայրում», - ասել է Զեյնալովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 

Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։

Ըստ հրապարակման՝ վատ եղանակի պատճառով Գրոզնիի օդանավակայանում ինքնաթիռն սկզբում ուղարկել են Մախաչկալա, ապա եղանակային պայմանների պատճառով՝ Ակտաու։ Սակայն այնտեղ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել և աղետի է ենթարկվել։

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Նաև հաղորդվել է, որ ինքնաթիռում բալոն է պայթել։    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում