Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը խռովության գործով չի ներկայացել ոստիկանություն հարցաքննության

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը խռովության գործով չի ներկայացել ոստիկանություն հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, որի լիազորությունները դադարեցվել են խորհրդարանում իմփիչմենթի հետևանքով, չի ներկայացել Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչության հարցաքննությանը իր դեմ հարուցված խռովության գործով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Յուն Սոկ Յոլը պետք է Կվաչհոնի կառավարական համալիր ժամաներ տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Ավելի վաղ միացյալ քննչական խումբը փորձել է իր ներկայացուցիչների միջոցով հարցաքննության ծանուցագրերը հանձնել նախագահի աշխատակազմ և նրա նստավայր, իր պահանջն ուղարկել է փոստով։ Նախագահի քարտուղարությունն ու անվտանգության ծառայությունը հրաժարվել են ընդունել դրանք՝ նշելով, որ դա իրենց լիազորություններից դուրս է։

Հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության պետ Օ Դոն Ունը դեկտեմբերի 17-ին ասել է, որ ծանուցագրերը դիտավորյալ չեն ընդունվել, և որ իրավապահ մարմինները միջոցներ կձեռնարկեն օրենքին համապատասխան: Վարչությունում քննարկել են այն հարցը՝ արդյոք հնարավոր է այս իրավիճակում նախագահի ձերբակալման հրամանագիր պահանջել։ 

Զուգահեռաբար իր հետաքննությունն է վարում դատախազությունը։ Այն նախագահին հարցաքննության էր կանչել դեկտեմբերի 15-ին, բայց նա չէր ներկայացել։ Դատախազությունը դեկտեմբերի 21-ին երկրորդ ծանուցագիրն է տվել։

Դեկտեմբերի 11-ին Բարձրաստիճան ծառայողների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը, ոստիկանությունը և Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պայմանավորվել են միավորել ռազմական դրության դեպքերի հետաքննության իրենց ջանքերը, ինչի արդյունքում ստեղծվել է միացյալ քննչական խումբը։ 

Կորեայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պաշտոնավարման ընթացքում պետության ղեկավարն անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից, բացառությամբ խռովության և պետական դավաճանության մեղադրանքների:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում