Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը կարգադրել էր իր սեփական կուսակցության ղեկավարի ձերբակալությունը ռազմական դրության ժամանակ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը կարգադրել էր իր սեփական կուսակցության ղեկավարի ձերբակալությունը ռազմական դրության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն հայտարարելու ժամանակ կարգադրել էր ձերբակալել իշխող կուսակցության ղեկավար Հան Դոն Հունին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ազգային հետախուզական ծառայության փոխտնօրենը հայտնել է, որ ձերբակալման ենթակա անձանց ցուցակում են եղել նաև գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավարը, ինչպես նաև ընդդիմադիր երեք պատգամավոր։ Նշվում է, որ նախագահը ցանկացել է օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի ձերբակալի և հեռացնի նրանց։

Հարավային Կորեայի քաղաքական կուսակցություները դեկտեմբերի 6-ին արտակարգ հանդիպումներ են անցկացրել։ Նրանք մտադիր են դեկտեմբերի 7-ին քվեարկություն անցկացնել Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար։ Դրա համար հարկավոր է, որ 300-տեղանոց խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը քվեարկի այդ նախաձեռնության օգտին։ Ընդդիմությունը Հարավային Կորեայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում, սակայն նրանց հարկավոր է իշխող կուսակցության ևս ութ պատգամավորի ձայն։ 

Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ իշխող կուսակցության ղեկավարը կոչ էր արել, որ նախագահը հեռացվի իշխանությունից։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ 

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ 

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում