Ինչ փոփոխություններ են նախատեսվում ընտրական օրենսգրքում. ներկայացնում է Սրբուհի Գալյանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում  ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գալյանը շեշտեց, որ նախագծի հիմնական նպատակը նախկին ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծումն է և համակարգի կատարելագործումը:

Սրբուհի Գալյանն ընդգծեց, որ նախագծից հանվել են ռազմական և արտակարգ դրության ժամանակ ընտրությունների կազմակերպման փոփոխությունները: 

«Շեշտեմ այն հանգամանքը, որ այս կարգավորումներից չենք հրաժարվել, և քանի որ համաձայնություն կարգավորումների շուրջ ձեռք չի բերվել կուսակցությունների և կառավարության միջև, մենք ուղղակի հետաձգել ենք այս հարցի քննարկումը՝ մոտ ապագայում դրան վերադառնալու ցանկությամբ։Նշեմ, որ այս կարծիքը մեզ հետ կիսել է նաև «Հայաստան»խմբակցությունը»,- ասաց Գալյանը։

Նախարարի խոսքով՝ փաթեթում ներառված է նաև կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում խթանելու դրույթ: 

«Կանանց ներգրավվածությունը խթանելու և որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե պակաս ներկայացված սեռի թեկնածուները հրաժարվում են մանդատներից և ցուցակում այլևս չկա այդ սեռի ներկայացուցիչ, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր, այլ ոչ թե համալրվում են մյուս սեռի ներկայացուցիչներով»,- ասաց Գալյանը։ 

Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի լիազոր ներկայացուցիչ և տեղամասային հանձնաժողովի անդամ կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ 

«Առաջարկվում է նաև նախատեսել, որ կուսակցությունը նվիրատվություններն ու անդամավճարները կարող է ստանալ իր ընտրությամբ, բայց միայն մեկ բանկում բացված հաշիվներով, որի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներկայացնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 

Կուսակցությունները պետք է նաև որոշակի պարբերականությամբ բանկից ստանան այն տեղեկությունները, որոնք վճարումներ կատարելիս ֆիզիկական անձինք տրամադրել են բանկին, ներառյալ փոխանցված գումարի չափի մասին տեղեկությունները։ 

Այս ամենի նպատակն է հնարավորություն տալ կուսակցություններին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին արդյունավետ վերահսկելու նվիրատվությունների վերին սահմանաչափերը գերազանցելու դեպքերը»,- ընդգծեց Գալյանը։

Նախարարը հայտնեց, որ իշխող խմբակցության և ընդդիմության կոնսենսուսային առաջարկների հիման վրա նաև վերանայվել են կուսակցության ֆինանսավորման տարբեր եղանակների սահմանաչափերը, մասնավորապես մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ տարվա ընթացքում կուսակցություններին կատարվելիք նվիրատվության շեմը 2,5 միլիոն ՀՀ դրամից առաջարկում է դարձնել 10 միլիոն դրամ։

«Ընդ որում, ընդհանուր շեմի շրջանակներում ֆիզիկական անձը նվիրատվություն կարող է կատարել բոլոր կուսակցություններին, կուսակցության տարեկան մուտքերի սահմանափակումը 500 միլիոն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 միլիարդ դրամի չափով, այս շեմը չի գործի ընտրությունների ընթացքում, քանի որ փոփոխություններով արդեն իսկ նախընտրական հիմնադրամների մուծումները արվելու են կուսակցությունների միջոցով, կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման մասով առաջարկում է ընդհանուր ֆինանսավորման շեմը 60 տոկոսից դարձնել 80 տոկոս, իսկ նպատակային ֆինանսավորման դեպքում 10 տոկոսը սահմանել կանանց ներգրավվածության համար, իսկ մյուս 10 տոկոսը՝ տարածքային կառույցների համար»,- ասաց Գալյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ առաջարկվում է նախագծերի փաթեթից հանել այն կարգավորումը, ըստ որի մեկ անձը կարող է լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր։ 

«Այս փոփոխությունը ևս կատարվել է «Հայաստան» խմբակցության գործընկերների առաջարկությամբ»,- եզրափակեց Գալյանը։ 

Նախատեսվում է նախագծերի փաթեթը ուժի մեջ մտցնել 2025 թվականի ապրիլի 1-ից, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողանա ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Միաժամանակ, ֆինանսական վերահսկողության գործառույթների բաշխման փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2025 թվականի հունվարի 1-ից՝ իրավական հակասություններից խուսափելու համար: 

 

 

Հայերեն

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին