ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալյանը շեշտեց, որ նախագծի հիմնական նպատակը նախկին ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծումն է և համակարգի կատարելագործումը:
Սրբուհի Գալյանն ընդգծեց, որ նախագծից հանվել են ռազմական և արտակարգ դրության ժամանակ ընտրությունների կազմակերպման փոփոխությունները:
«Շեշտեմ այն հանգամանքը, որ այս կարգավորումներից չենք հրաժարվել, և քանի որ համաձայնություն կարգավորումների շուրջ ձեռք չի բերվել կուսակցությունների և կառավարության միջև, մենք ուղղակի հետաձգել ենք այս հարցի քննարկումը՝ մոտ ապագայում դրան վերադառնալու ցանկությամբ։Նշեմ, որ այս կարծիքը մեզ հետ կիսել է նաև «Հայաստան»խմբակցությունը»,- ասաց Գալյանը։
Նախարարի խոսքով՝ փաթեթում ներառված է նաև կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում խթանելու դրույթ:
«Կանանց ներգրավվածությունը խթանելու և որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե պակաս ներկայացված սեռի թեկնածուները հրաժարվում են մանդատներից և ցուցակում այլևս չկա այդ սեռի ներկայացուցիչ, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր, այլ ոչ թե համալրվում են մյուս սեռի ներկայացուցիչներով»,- ասաց Գալյանը։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի լիազոր ներկայացուցիչ և տեղամասային հանձնաժողովի անդամ կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
«Առաջարկվում է նաև նախատեսել, որ կուսակցությունը նվիրատվություններն ու անդամավճարները կարող է ստանալ իր ընտրությամբ, բայց միայն մեկ բանկում բացված հաշիվներով, որի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներկայացնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Կուսակցությունները պետք է նաև որոշակի պարբերականությամբ բանկից ստանան այն տեղեկությունները, որոնք վճարումներ կատարելիս ֆիզիկական անձինք տրամադրել են բանկին, ներառյալ փոխանցված գումարի չափի մասին տեղեկությունները։
Այս ամենի նպատակն է հնարավորություն տալ կուսակցություններին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին արդյունավետ վերահսկելու նվիրատվությունների վերին սահմանաչափերը գերազանցելու դեպքերը»,- ընդգծեց Գալյանը։
Նախարարը հայտնեց, որ իշխող խմբակցության և ընդդիմության կոնսենսուսային առաջարկների հիման վրա նաև վերանայվել են կուսակցության ֆինանսավորման տարբեր եղանակների սահմանաչափերը, մասնավորապես մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ տարվա ընթացքում կուսակցություններին կատարվելիք նվիրատվության շեմը 2,5 միլիոն ՀՀ դրամից առաջարկում է դարձնել 10 միլիոն դրամ։
«Ընդ որում, ընդհանուր շեմի շրջանակներում ֆիզիկական անձը նվիրատվություն կարող է կատարել բոլոր կուսակցություններին, կուսակցության տարեկան մուտքերի սահմանափակումը 500 միլիոն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 միլիարդ դրամի չափով, այս շեմը չի գործի ընտրությունների ընթացքում, քանի որ փոփոխություններով արդեն իսկ նախընտրական հիմնադրամների մուծումները արվելու են կուսակցությունների միջոցով, կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման մասով առաջարկում է ընդհանուր ֆինանսավորման շեմը 60 տոկոսից դարձնել 80 տոկոս, իսկ նպատակային ֆինանսավորման դեպքում 10 տոկոսը սահմանել կանանց ներգրավվածության համար, իսկ մյուս 10 տոկոսը՝ տարածքային կառույցների համար»,- ասաց Գալյանը։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ առաջարկվում է նախագծերի փաթեթից հանել այն կարգավորումը, ըստ որի մեկ անձը կարող է լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր։
«Այս փոփոխությունը ևս կատարվել է «Հայաստան» խմբակցության գործընկերների առաջարկությամբ»,- եզրափակեց Գալյանը։
Նախատեսվում է նախագծերի փաթեթը ուժի մեջ մտցնել 2025 թվականի ապրիլի 1-ից, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողանա ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Միաժամանակ, ֆինանսական վերահսկողության գործառույթների բաշխման փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2025 թվականի հունվարի 1-ից՝ իրավական հակասություններից խուսափելու համար: