Աշխարհ

Պակիստանում բախումների հետևանքով կան զոհեր, Իսլամաբադում տեղակայվել է բանակը

2 րոպեի ընթերցում

Պակիստանում բախումների հետևանքով կան զոհեր, Իսլամաբադում տեղակայվել է բանակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամաբադում «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների և իրավապահների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնք հանգեցրել են զոհերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պակիստանյան GEO TV լրատվամիջոցը։ 

Նշվում է, որ զոհերի շարքում կան Ներքին գործերի նախարարության ռենջերներ, ինչպես նաև ոստիկաններ։ Նրանց հստակ թիվը չի հաղորդվում։ Որոշ աղբյուրներ հայտնում են առնվազն 6 զոհի, մյուսներն էլ՝ 12 զոհի մասին։ Նաև հաղորդվում է, որ ոստիկանության ավելի քան 100 աշխատակից է վիրավորվել բախումների ընթացքում. նրանց մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Պակիստանի իրավապահ մարմինները ջանքեր են գործադրում՝ զսպելու ընդդիմության կողմնակիցների առաջխաղացումը դեպի քաղաքի կենտրոնական շրջաններ և ճնշելու անկարգությունները։ Իսլամաբադում է տեղակայվել նաև բանակը։ Ըստ աղբյուրների՝ զինվորներին իրավունք է տրվել կրակել չարագործների վրա։ Բացի այդ, փակվել են մի քանի շրջաններից դեպի Իսլամաբադ տանող գլխավոր մայրուղիները։ 

Նոյեմբերի 24-ին «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցությունն սկսել է բողոքի համազգային ցույց, որպեսզի դաշնային իշխանություններին ստիպի կատարել իր պահանջները, այն է՝ չեղարկել հանրապետության սահմանադրությունում հոկտեմբերին կատարված փոփոխությունները, վերանայել փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ազատ արձակել քաղբանտարկյալներին, ներառյալ կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Իմրան Խանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում