«Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շրջանակում Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է անտառվերականգնման և անտառատնկման դասընթացի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ 

Ըստ աղբյուրի՝ դասընթացը կազմակերպվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառների կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՄԱԿ ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) կողմից։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում նաև Հայաստանի կառավարությունը։

«Ուրախ եմ, որ գործակցում ենք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և իր միջազգային կամ տեղական գործընկերների հետ։ Շնորհակալ ենք անտառների կայուն կառավարման ծրագիրը համաֆինանսավորողներին և Հայաստանի կառավարությանը։ Այսպիսով, սաներն ավելի կոգեշնչվեն, և իրենց համար սա նոր խթան կլինի, որ դերակատարություն ունենան անտառների պահպանման և կանաչ միջավայրի պահպանման մեջ՝ հասնելով դեպի կայուն և կանաչ Հայաստան»,- նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Նշվում է, որ դասընթացների հիմնական թեմաներն էին տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները՝ անտառների կայուն կառավարման համար։ 

«Ծրագիրն իրենից ներկայացնում է 8 տարվա տևողությամբ ծրագիր, որի արդյունքում 7200 հեկտարի վրա պետք է իրականացվեն անտառվերականգնման-անտառատնկման աշխատանքներ։ Ինչպես նաև տրամադրելու ենք 9000 վառարան անտառամերձ բնակավայրերում բնակվող բնակիչների համար, որոնք կնպաստեն էներգաարդյունավետ եղանակով անտառի օգտագործմանը։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորվելու և իրականացվելու է անտառային մոնիտորինգ, որի արդյունքում կստանանք օբյեկտիվ տեղեկություն անտառների վիճակի մասին ողջ Հայաստանում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 18,7 մլն դոլար է, այս պահին բյուջեն ավելանալու հնարավորություն ունի այլ դոնորների կողմից համաֆինանսավորման դեպքում»,- պատմել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։ 

«Իմ Քայլը» հիմնադրամի տեղեկացմամբ՝ հետաքրքրությունը դեպի «Հորիզոններ» տարեցտարի ավելանում է, և եթե նախորդ տարի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցից «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման առարկայական ծրագրին մասնակցում էր 200-ից քիչ ավելի սովորող, ապա 2024-25 ուստարում ագրոտեխնոլոգիա դասավանդվում է 15 դպրոցում, դասերին հաճախում է շուրջ 370 սովորող։

«Սովորողները դպրոցներում արդեն ուսումնասիրել են տեսական թեմաները։ Դրանք հետևյալն են՝ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ և կենդանական աշխարհ», «Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն», «Կանաչ էներգիայի աղբյուրներ», «Էներգառեսուրսներ» և «Շրջակա միջավայրի պահպանություն»։ Դասընթացի առաջին հատվածից հետո բոլորը գնալու են «Գորիսի անտառտնտեսություն» ՊՈԱԿ, այնտեղ կազմակերպվելու է ծառատունկ»,- ասել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը։ 

Հիմնադրամից հայտնում են, որ այս գործակցությունը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդությանն էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ շրջակա միջավայրի և անտառների պահպանության գործում: Տեսական կրթության և գործնական աշխատանքի համադրումը թույլ է տալիս երիտասարդ սերնդին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ապագայում ավելի կայուն և ավելի կանաչ Հայաստան կերտելու համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում