Հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացրել են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացրել են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 20-ին Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հայ յոթ ականավոր թագուհիները» նախագծային աշխատանքի ներկայացմանը: 

Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են յոթ թագուհիների ժամանակաշրջանը, կենսագործունեությունը, պատրաստել գրքույկներ ու համապատասխան հագուստներ, տարաբնույթ ձեռքի աշխատանքներ՝ հաստատելով միջառարկայական կապ «Գրականություն» առարկայի և «Արհեստ և արվեստ» բնագավառի միջև:

«Վստահ եմ՝ ուսումնասիրելով հայոց թագուհիների դերակատարումն ու ազդեցությունն իրենց ժամանակաշրջանում՝ կոգեշնչվեք նրանց կերպարներով և կնախանշեք ձեր ապագան: Ձեր կյանքի ճանապարհն արդյունավետ ու ճիշտ պլանավորելով՝ դուք ևս ձեր կարևոր դերն եք ունենալու ձեր ժամանակաշրջանում՝ նպաստելով պետության, հասարակության զարգացման ու առաջընթացին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով մասնակից աշակերտներին:

«Նա հետաքրքրվել է՝ ինչպես են աշակերտները պատրաստվել նախագծային աշխատանքին, ինչ բարդություններ այն ուներ, ինչ տվեց, հե՞շտ է խմբային աշխատանք իրականացնելը, թե՞ ոչ: Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև  աշակերտների մասնագիտական կողմնորոշման և նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխությունների վերաբերյալ:

Ի պատասխան՝ աշակերտներն ասել են, որ նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու թեման, նոր գիտելիք ձեռք բերելու, ինչպես նաև թիմային մտածելակերպ ձևավորելու: Նրանք նոր չափորոշչի շրջանակում հատկապես կարևորել են դասագրքերում առկա QR կոդերը, որոնք, ըստ աշակերտների, առավել հեշտացնում և հետաքրքիր են դարձնում տվյալ առարկան:

Օրվա շրջանակում Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել նաև դպրոցում անցկացվող  ընթերցանության մրցույթի երկրորդ փուլին, որի ընթացքում աշակերտներն ընթերցել են Սիլվա Կապուտիկյանի արձակից ընտրված որոշ հատվածներ, որին հաջորդելու էր ուսուցիչների կողմից ընտրված կամայական հատվածների ընթերցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ աշակերտներն ընթերցանությամբ հետաքրքրված են ոչ միայն մրցույթին մասնակցելու նպատակով, այլև առհասարակ գիրքը սիրելու շնորհիվ: Նա կոչ է արել շատ կարդալ՝ բացահայտելու համար նոր աշխարհներ ու տպավորություններ, ձևավորելու մտածելակերպ ու աշխարհայացք:

Նշվում է, որ ՀՀ դպրոցներն իրենց իրականացրած նախագծային աշխատանքները հրապարակում են սոցիալական հարթակների իրենց էջերում:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը