Ֆիլիպիններում մոլեգնող հերթական թայֆունն առնվազն 8 մարդու կյանք է խլել
1 րոպեի ընթերցում
![Ֆիլիպիններում մոլեգնող հերթական թայֆունն առնվազն 8 մարդու կյանք է խլել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/18/MB1d8BbGleg19mjboI2I7bVpD9StWGg0Z4BT6LVP.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլիպիններում մոլեգնող «Ման-յի» թայֆունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել։ Ուժգին քամիները և հորդառատ անձրևներն առաջացրել են սողանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
8 զոհերից 7-ը մեկ ընտանիքի անդամներ են։
«Ման-յի»-ն մեկ ամսում Ֆիլիպիններին պատուհասած արդեն վեցերորդ փոթորիկն է։ Այն Ֆիլիպինների ափ է հասել նոյեմբերի 16-ին, սակայն առաջ ընթանալուն զուգահեռ նրա ուժգնությունը նվազել է։
Թայֆունի հետևանքով հեղեղվել են ցանքատարածքներ և գյուղեր։ Բնական աղետի հետևանքների դեմ պայքարելու համար տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հումանիտար օգնություն են ուղարկել։
«Ման-յի»-ն շարժվում է դեպի Վիետնամ՝ քամու 110 կմ/ժամ առավելագույն արագությամբ։
Ֆիլիպիններում տարեկան մոլեգնում է շուրջ 20 արևադարձային փոթորիկ։ Հոկտեմբերին Ֆիլիպիններին պատուհասած «Տրամի» արևադարձային փոթորիկը և «Կոնգ-ռեյ» թայֆունն առաջացրել են հեղեղումներ և սողանքներ, որոնք 162 մարդու կյանք են խլել։ 22 մարդ դեռ անհետ կորած է։