Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և ԳԴՀ նորանշանակ դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ԳԴՀ նորանշանակ դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, գերմանական նոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա: 

Ըստ աղբյուրի՝ Կլաուդիա Բուշը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ փոխգործակցության ընդլայնման: Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը, ուստի հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, սահմանազատման գործընթացին և այլ հարցերի:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում